Երեքշաբթի, 17 Օգոստոսի 2010 13:05

Fitch Ratings գործակալությունը հաստատել և հետ է կանչել ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ վարկանիշերը


ԱրմԻնֆո. Fitch Ratings գործակալությունը հաստատել և հետ է կանչել ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ (այսուհետ` ՙՎՏԲՀ՚) վարկանիշերը, ներառյալ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը ՙBB՚ մակարդակում:

ՙFitch-ը այլևս չի վարկանշում այդ թողարկողին և չի կատարում դրա վերլուծությունը՚,- ասվում է Fitch Ratings-ից ԱրմԻնֆո գործակալությանը ուղարկված հաղորդագրության մեջ:

Աղբյուրի համաձայն, ՙՎՏԲՀ՚-ի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերն արտացոլում են Fitch-ի կարծիքը բանկի սեփականատիրոջ` ռուսական ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ կողմից (ՙՎՏԲ՚, ՙBBB՚ /ՙԿայուն՚ կանխատեսում/ F3) անհրաժեշտության դեպքում աջակցության ցուցաբերման չափավոր հնարավորության վերաբերյալ: Այդ կարծիքը հիմնված է ՙՎՏԲՀ՚-ի` ՙՎՏԲ՚-ի 100-տոկոսանոց տնօրինության տակ գտնվելու հանգամանքի, ՙՎՏԲ՚-ի համար ԱՊՀ շուկաների ռազմավարական նշանակության և մայր կառույցի համեմատ ՙՎՏԲՀ՚-ի փոքր ծավալի վրա: Միաժամանակ, այն աստիճանը, որում այդ աջակցությունը կարող է հաշվի առնվել վարկանիշերում, սահմանափակված է տրանսֆերտային և փոխարկման ռիսկերով, որոնք արտացոլվում են երկրների առաստաղային ՙBB՚ վարկանիշում:

ՙD/E՚ անհատական վարկանիշը հաշվի է առնում արտարժույթով վարկերի բարձր մասնաբաժինը, մասնաճյուղային ցանցի հետ կապված գործառնական ռիսկերը, դեռևս զգալի կախվածությունը մայր կառույցից ֆոնդավորման աջակցության և իրացվելիության առումով, ինչպես նաև բարդ, թեև բարելավվող գործառնական միջավայրը: Միաժամանակ, վարկանիշն ուշադրության է առնում նաև բանկի զգալի կապիտալացվածությունը, ակտիվների որակի ցուցանիշների վերջին կայունացումը և երկրում առկա հաճախորդային բազան:

ՙՎՏԲՀ՚-ն 2010թ. առաջին եռամսյակի ավարտին վերջում վարկերի ծավալով զբաղեցնում էր շուկայի 10%-ը, իսկ մանրածախ ավանդների ծավալով` 7%-ը: