Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2010 11:44
Բնակչության համար կարևորը զգալն է, որ կայունությունը երկարաժամկետ է
Հայաստանում Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաքելության ղեկավար Ռատնա Սահայի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը
Կարո՞ղ է արդյոք մասնավոր հատվածն ապահովել վարկավորման բավականաչափ պահանջարկ, եթե պետությունը դադարեցնի ֆիսկալ խթանիչների կիրառումը:
Նախորդ տարում Հայաստանի տնտեսության անկումն աշխարհում ամենածայրագույններից էր` ավելի քան 14%: Այդ ժամանակ վարկավորման նկատմամբ պահանջարկն իրոք, ցածր էր: Սակայն այս տարի մենք նկատում ենք ոչ միայն տնտեսության, այլ նաև վարկավորման վերականգնման ազդանշաններ: Եթե
ուշադրություն դարձնեք այդ պահանջարկի աճին մասնավոր հատվածում, ապա կտեսնեք, որ 2010 թվականի օգոստոսին, 2009 թվականի օգոստոսի համեմատ, այն աճել է 23%: Ինչպես տեսնում եք, նորությունները հուսադրող են: Պահանջարկն, իմ կարծիքով, հիմնականում գալիս է արդյունաբերության և ծառայությունների ոլորտներից: Զրուցելով Կենտրոնական բանկի ներկայացուցիչների ու բանկիրների հետ, մենք նրանց մոտ նկատեցինք վարկային պորտֆելի աճի հետ կապված լավատեսական տրամադրություններ: Միակ խնդիրը, որը բանկային համակարգն աշխատում է լուծել, դա դրամային և դոլարային վարկավորման հարաբերակցությունն է, քանի որ դոլարային վարկերի բաժինը վարկային ընդհանուր պորտֆելում բավականին բարձր է: Իհարկե, բանկերն ուզում են հավասարակշռել ակտիվներն ու պարտավորությունները, դրա համար էլ նախընտրում են վարկավորել դոլարով: Սակայն այստեղ էլ ենք մենք տեսնում որոշակի բարելավումներ:
Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ո՞ր քայլերն են, որոնք կարող են արդյունավետ լինել վարկերի նկատմամբ պահանջարկի բարձրացման, դրանց իրացվելիության կառավարման և վարկային տոկոսադրույքները ռեգուլյատիվ տոկոսադրույքներին մոտեցնելու համար:
Որոշակի փուլում ռեգուլյատիվ և կարճաժամակետ շուկայական տոկոսադրույքների միջև գոյություն ուներ տարբերություն: Կենտրոնական բանկի դերը, որը հստակ սահմանվել էր մինչ ճգնաժամը, կայանում և մնում է գնային կայունության ապահովումը: Կենտրոնական բանկն իր առջև դրել է ինֆլյացիան նպատակային սահմաններում պահելու խնդիր և բավականին ակտիվորեն էր կիրառում իր այդ ռեգուլյատիվ մեխանիզմներն ու մոնետար գործիքները, այդ թվում` շուկայական բաց գործառնությունները, մեկօրյա վարկային և ավանդային գործարքները (standing facilities) և արտարժույթի պարտադիր պահուստավորման պահանջները: Մենք համոզվեցինք, որ Կենտրոնական բանկի ՌԵՊՈ տոկոսադրույքներն ու վերաֆինանսավորման տոկոսադրույքները բավականին մոտ են իրար: Երբ մենք խոսում ենք ֆինանսական շուկայի տոկոսադրույքների մասին, դիտում ենք դրանց ամենա-<ուլտրակարճ> սպեկտրը` միջբանկային <օվերնայթը> և 7-օրյա ՌԵՊՈ-գործարքները:
ԿԲ և շուկայի վարկային տոկոսադրույքների միջև տարբերությունը կազմում է մոտ 10%: Ձեր կարծիքով, որո՞նք են այստեղ հիմնական պատճառները: Ձեզ, որպես դրսից դիտողի, նկատելի՞ է արդյոք բանկային համակարգի մրցակցությունը:
Բարդ հարց է: ԿԲ տոկոսադրույքները դրանք 7-օրյա ՌԵՊՈ տոկոսադրույքներ են, այսինքն, դրանք միջբանկային գործարքների կարճաժամկետ տոկոսադրույքներ են: Իսկ շուկայական տոկոսադրույքները, ինչի մասին մենք խոսում ենք, դրանք ավելի երկարաժամկետ գործարքների տարբեր տեսակի տոկոսադրույքներ են` բանկերի ու հաճախորդների միջև: Հետևաբար, դրանց միջև կարող է լինել նկատելի տարբերություն: Այստեղ առաջանում են մի շարք գործոններ` վարկային ռիսկերի, դրանց ժամկետների ու իրացվելիության համար պրեմիաները: Այդ առումով լայն <սփրեդի> վերաբերյալ նկատառումը համարում եմ լիովին հիմնավորված: Դրա համար պետք է լինեն մի քանի պատճառներ և մրցակցության պակասը կարող է լինել դրանցից մեկը: Իսկ ինձ թվում է, որ շուկայում մրցակցություն կա, չնայած, որ այն կարելի է ուժեղացնել: Մյուս պրոբլեմը, որն ավելի խորացավ ճգնաժամի ընթացքում, դա ավանդների դոլարիզացիան է: Իհարկե, վարկեր վերցնելն ավելի ձեռնտու է ազգային տարադրամով, սակայն բանկերը գերադասում են վարկավորել դոլարով: Հատկապես արտարժութային այդ շերտավորվածությունն է, որ բավականին էական գործոն է դարձել, քանի որ հայկական բանկերը ազգային տարադրամով համարժեք վարկավորման որոշակի դժվարություններ են ունենում: Այստեղ ռիսկերն ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի են, երբ արտարժութային այդ տատանումները փոխանցվում են վարկային ռիսկերին:
Այսպիսով, ճգնաժամի հետևանքներից մեկն էլ տնտեսության ռեդոլարիզացիան է: Դրա հետևանքները մինչև օրս զգացվում են: Ժամանակի ընթացքում կարելի է սպասել մակտրոտնտեսական կայունության, իսկ տնտեսության աճի հետ միասին` հայկական դրամի նկատմամբ քաղաքացիների վստահության աճին: Այդ հանգամանքները կարելի է բարենպաստ համարել ապադոլայնացման համար, ինչից որ կախված է մոնետար քաղաքականության արդյունավետությունը: Այս ուղղությամբ մենք նկատում ենք դրական միտումներ, սակայն կառավարությանն ու Կենտրոնական բանկին կոչ ենք անում հետագայում էլ ընթանալ այդ ճիշտ ուղիով: Որովհետև բնակչության համար ամենակարևորը զգալն է, որ կայունությունը երկար ժամկետով է եկել: Դա է, որ կամրապնդի ազգային տարադրամի նկատմամբ վստահությունը:
Կարո՞ղ է արդյոք հայկական դրամը զերծ մնալ հսկայական տատանումներից: Ինչպիսի՞ քայլեր պետք է այդ ուղղությամբ ձեռնարկի Կենտրոնական բանկը:
Մենք Կենտրոնական բանկին կարող ենք առաջարկել երեք բան: Առաջինը` ինտերվենցիաներն անհրաժեշտ են միայն ավելորդ տատանումները զսպելու համար, որոնք կարող են շուկայում առաջացնել անհանգստություններ: Իսկ շուկայի ֆունդամենտալ միտումներին հակառակ ընթանալ չի կարելի: Երկրորդ` անհրաժեշտ է արտարժույթով պահուստների բավականաչափ ծավալ: Եվ վերջապես, ավելի երկարաժամկետ հեռանկարում, անհրաժեշտ է լինել վստահ, որ արտարժույթի փոխարժեքը համապատասխանում է գնողունակության պարիտետին և չի թուլացնում տնտեսության մրցունակությունը:
EFF/ECF համաձայնագրերում սահմանված են մի շարք նպատակային ցուցանիշներ: Արժույթի նկատմամբ սահմանված են արտասահմանյան պահուստների նվազագույն և ներքին ակտիվների առավելագույն սահմաններ: Եթե առաջինի նպատակը արժութային ավելորդ ինտերվենցիաներից զգուշանալն է, ապա ինչի՞ համար է նախատեսված ներքին ակտիվների “առաստաղը”:
Այդ ցուցանիշը ԱՄՀ մասնակցությամբ շատ ծրագրերի բաղադրիչ մասն է: Այն ընդունվում է ինֆլյացիոն ճնշումների հետևանքով դրամական զանգվածի հավելյալ աճից խուսափելու նպատակով: Այսպիսով, ներքին ակտիվների <առաստաղը> համապատասխանում է իշխանությունների նպատակներին` ինչպես ինֆլյացիայի, այնպես էլտնտեսական աճի առումով, քանի որ հավելյալ ինֆլյացիայի բացասական ազդեցությունների մասին գիտեն բոլորը:
Մի փոքր էլ հարկային քաղաքականության մասին: Հարկային խստացումներն արդյո՞ք դրականորեն կանդրադառնան փոքր և միջին բիզնեսի վրա:
Եթե Հայաստանում այդ մասին մարդկանց հարցնենք, ապա անկասկած, կասեն, որ հարկային համակարգում առկա է կոռուպցիայի որոշակի մակարդակ: Պրոբլեմը գոյություն ունի ինչպես պաշտոնյաների, այնպես էլ բիզնեսի կողմից: Մենք գտնում ենք, որ հարկային և մաքսային վարչարարության խստացումը պետք է կենտրոնացված լինի խոշոր հարկատուների վրա, որոնք հիմնականում էլ պատասխանատու են պետության թերի հարկումների համար: Այստեղ հարկավոր է ավելացնել, որ Հայաստանում հարկերի չափերը այլ երկրների համեմատ համատեղելի են: Հետևաբար մենք պետության քաղաքականությանը կողմնակից ենք, հիմնականում, գործնական` հարկային վարչարարության մասով, և ավելի քիչ` հարկային քաղաքականության մասով:
Ուշադրության է արժանի մեկ այլ հարց` հարկման պրեֆերենցիալ ռեժիմները: Հայկական տնտեսության մեջ կան պրեֆերենցիալ հարկումով մեկ-երկու հատվածներ, օրինակ, ծխախոտի և նավթամթերքի շուկաները: Այս հարցով մենք կառավարության հետ կայացրել ենք մի շարք երկարատև բանակցություններ: Հայաստանի ղեկավարությունը համաձայնվել է այդ ապրանքների ներկայիս` ԱԱՀ պայմանա-հաշվարկային հարկումը փոխել, բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ այդ միջոցը կսկսի գործել 2011 թվականից, իսկ ծխախոտի շուկայի համար դա որոշակի ժամանակ է պահանջում, քանի որ ծխախոտի տեղական արտադրողները ներմուծողների նկատմամբ ունեն մի շարք պրեֆերենցիաներ: Հետևաբար կառավարությունն ի սկզբանե ցանկանում է ծխախտ արտադրող տեղական ֆերմերներին զերծ պահել գործազրկությունից: Մենք համաձայն ենք, որ տվյալ դեպքում հարկային ռեժիմը հարկավոր է փոխել աստիճանաբար և այնպես, որպեսզի դրա պատճառները հասկանալի լինեն բոլորին: Ծխախոտի նկատմամբ այդ սպեցիֆիկ վերաբերմունքը պետք է ամրագրվի օրենսդրորեն, և մենք դրա ընդունմանն սպասում ենք նոյեմբերին, ԱՄՀ Գործադիր խորհրդի առաջիկա հանդիպման ժամանակ, որտեղ կքննարկվի Հայաստանի կողմից EFF/ECF պայմանների կատարման առաջին ամփոփումը:
Հաշվի առնելով հարկային վարչարարությունում հաստատագրված վճարների կատարման հսկայական պարզությունը, կարո՞ղ են արդյոք հարկային մարմիններն անցնել հարկման ավելի բարդ գործընթացի:
Նկատառումը ճիշտ է, հետևաբար պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնել հարկային վարչարարության ուժեղացմանը: Եթե միանգամից մտցնել ԱԱՀ, առանց ստեղծելու դրա հարկման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հնարավորությունները, ապա հարկային մուտքերը կհայտնվեն հարցականի տակ: Անհրաժեշտ ժամանակ է հարկավոր համակարգը նախապատրաստելու և գործարկելու համար:
Կառավարությունը մի քանի անգամ արտահայտվել է ներքին շուկայում մրցակցությունը խոչընդոտող գործոնների վերացման մասին: Իսկ, գործնականում, կիրարականանա՞ արդյոք դա այս անգամ:
Իմ կարծիքով, դա ռեֆորմների առաջնային խնդիրներից մեկն է: Վերջին հաշվով, ցանկացած երկրի և ցանկացած կառավարության նպատակը տնտեսական աճի տեմպերի բարձրացումն ու բնակչության մեջ այդ արդյունքների հավասարաչափ բաշխման ապահովումն է: Դրա համար անհրաժեշտ է տնտեսական ավելի մրցակցային մթնոլորտ: Մենք քննարկումներ ենք ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հետ: Այդ ուղղությամբ մենք ճիգեր տեսնում ենք, սակայն պետք է արվի ավելին: Հարկային ռեժիմի պարզեցումից և դրա թափանցիկության բարձրացումից բացի հարկավոր է պարզեցնել հաշվետվությունների և լիցենզավորման թափանցիկությունը:
Ֆինանսների նախարարը մեզ տեղեկացրել է, որ կառավարությունը լիցենզավորման գործընթացները կրճատել է մոտ 40%: Դա ուղղակի հիանալի է: Մյուս լավ նորությունը դա լիցենզավորման նպատակով դիմած քաղաքացիների և պետպաշտոնյաների միջև շփումների կրճատման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկված քայլերն են: Իսկ դա կարվի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման միջոցով: Հայաստանում բիզնեսի վարման պայմանները, եթե համեմատենք այլ երկրների հետ, դեռևս կարելի է կատարելագործել: Դա շատ կարևոր է, քանի որ Հայաստանի համար արտաքին աշխարհն այժմ այլ է, քան մինչ ճգնաժամը: Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերների` Ռուսաստանի և Եվրոմիության աճի տեմպերը ոչ միայն իջել են, այլ որոշակի ժամանակ սպասվում են լինել ցածր մակարդակի վրա: Հետևաբար, Հայաստանը պետք է ավելի մրցունակ լինի, գտնելով տնտեսությունը դիվերսիֆիկացնելու նոր ձևեր:
Օրինակ, Հայաստանն ունի տուրիզմի հսկայական և առայժմ չօգտագործված պոտենցիալ: Հայաստանի այդ ոլորտի նկատմամբ անբավարար ուշադրության մասին է խոսում նաև այն, որ հանրապետությունը չունի տուրիզմի նախարար: Իսկ դա եկամուտների լուրջ աղբյուր է` ինչպես պետության, այնպես էլ բնակչության համար, դա նաև զբաղվածության և արտարժույթի աղբյուր է: Տուրիզմը կարևորագույն միջնորդ է հանդիսանում նաև մի շարք կից ինդուստրիաների զարգացման համար: Բացի այդ, Հայաստանն ունի մեծ Սփյուռք, որը, անկասկած, ուրախ կլիներ ներդրումներ կատարել Հայաստանում և կառավարությունն արդեն ստիպված չեր լինի միայնակ ներգրավել ներդրումներ:
Վերջում, հիշեցրեք, խնդրեմ, Հայաստանի համար EFF/ECF համաձայնագրերով առաջին ամփոփման օրինակելի ժամկետների ավարտը: Համաձայնագիրը ե՞րբ կարժանանա վերջնական հավանության:
Կարող եմ բավականությամբ նշել, որ Հայաստանն առաջին ամփոփմամբ նախատեսված բոլոր չափանիշներով անցել է համապատասխանությունը: Մի շարք նպատակային ցուցանիշներ նախատեսված էին ավելի ուշ, և կարծում ենք, որ քննարկման ընթացքում կառավարությունը կկատարի նաև դրանք: Կառավարության հետ արդեն կնքված է աշխատանքային համաձայնագիր, որի հավանությունն այժմ կախված է ԱՄՀ գործադիր մարմնից: Հավանությունից հետո միջոցները կհատկացվեն: Գործադիր մարմինը համաձայնագիրը կքննարկի նոյեմբերի սկզբին:
Արամ Գարեգինյանը
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ