Երկուշաբթի, 15 Նոյեմբերի 2010 15:48
Ապահովագրական գործակալները գյուղական շրջանների սակավ տեղեկացված բնակչության նկատմամբ դիմում են խաբեբայական խորամանկությունների
ԱրմԻնֆո. Հայաստանյան ապահովագրողների ապահովագրական գործակալները գյուղական շրջանների սակավ տեղեկացված բնակչության նկատմամբ կիրառում են խաբեբայական խորամանկություններ, ապահովագրելով գյուղտեխնիկան`տրակտորները, ինչը ենթակա չէ ապահովագրման:
Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է վարորդների իրավունքների պաշտպանության ՙԱքիլլես՚ հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նա նշել է նաև, որ Հայաստանի մարզերում շահագործվող գյուղտեխնիկայի շարժիչների առավելագույն հզորությունը կազմում է 32 Ձ/ուժ, այն դեպքում, երբ ըստ օրենքի, ապահովագրության ենթակա են այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչի հզորությունը գերազանցում է 50 Ձ/ուժը:
Մեկնաբանելով հայ վարորդների պատրաստ լինելը ԱՊՊԱ-ին Է.Հովհաննիսյանը նկատել է, որ այն նրանց համար անսպասելի էր: Նրա խոսքերով, ԱՊՊԱ թեման Հայաստանում քննարկվում է ավելի քան երկու տարի, սակայն ոչ մի բացատրական աշխատանք, ինչպես Օրենքի ընդունումից առաջ, այնպես էլ հետո, չի անցկացվել, ինչը վարորդների շրջանում մեծ իրարանցում է առաջացրել, որոնք մինչև օրս ԱՊՊԱ-ն չեն տարբերում ԿԱՍԿՈ-ից:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ապահովագրության ենթակա է 450 հազ.ավտոմեքենա: Ըսռ պաշտոնական տվյալների տարեկան տեղի է ունենում 2500 ճանապարհա-տրանսպորտային պատահար ՃՏՊ: ԱՊՊԱ ներդրումից հետո այս թիվը կաճի 5-7 անգամ: Նշենք, որ տարբեր փորձագետների գնահատականներով ՃՏՊ թիվը կաճի մոտ 10 անգամ:
Մեկնաբանելով Հայաստանում ԱՊՊԱ ներդրման գործընթացում ներգրավված կառույցների պատրաստ լինելը, Է.Հովհաննիսյանը նշել է, որ վարորդների նորմալ սպասարկման խոչընդոտ կարող է հանդիսանալ Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցների աշխատանքը: Նա նշել է, որ ներկայումս, երբ ԱՊՊԱ օրենքը դեռ չի գործում, Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները որոնց թիվը չի անցնում 10-ից, չեն հասցնում սպասարկել 7-12 ՃՏՊ-ների դեպքերը: Որպես կանոն, նրանք դեպքի վայր են ժամանում ուշացումով: Իսկ ԱՊՊԱ ներդրումից հետո, երբ ՃՏՊ-ների թիվը կաճի, վարորդները ստիպված կլինեն ոստիկանության աշխատակիցներին սպասել ամբողջ օրը, իսկ ձմռանը, նրա խոսքերով, կարելի է նաև չսպասել: