Ուրբաթ, 24 Դեկտեմբերի 2010 11:44
Հայաստանի ֆինանսական համակարգի անարդյունավետությունը ծնում է բարձր ինֆլյացիաՀայաստանի ֆինանսական համակարգի անարդյունավետությունը ծնում է բարձր ինֆլյացիա
Արմինֆո. Անցնող տարում Հայաստանի համար ամենածանր ՙպատահարը՚ դարձավ ինֆլյացիան, որի մակարդակը 2010 թվականի արդյունքնրով կարող է կազմել 10%: Անցնող տարվա սոցիալ-տնտեսական արդյունքները մեկնաբանելով նման կանխատեսում է արել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով, ինֆլյացիայի նման մակարդակ Հայաստանում գրանցվել էր հեռավոր 1997 թվականին և պայմանավորված էր գների լիբերալիզացիայի հետ կապված գործընթացներով և ոչ միայն տնտեսական գործոններով, ինչպես ընթացիկ տարում:
ՀՀ ԿԲ նախկին նախագահը հիշեցրել է, որ ինֆլյացիոն ռիսկերի զսպումը հանիսանում է ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրներից մեկը: ՙԱյդ նպատակով էլ ԿԲ, ողջ տարվա ընթացքում կիրառում էր հնարավոր բոլոր գործիքները, որոնց արդյունավետությունը, սակայն, բոլորովին ցածր էր՚, -նկատել է Բ.Ասատրյանը: Նա լրագրողների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, ԿԲ վերադառնում է 2008-2009 թվականներին իր իսկ կողմից որդեգրված քաղաքականությանը, երբ մեգառեգուլյատորը շուկայում իրականացնում էր արտարժութային միջամտություններ: 2010 թվականի 10 ամիսներին, նշել է նա, ՀՀ ԿԲ արտարժութային ռեզերվները կրճատվել են 160 մլն.դոլարով:
ԿԲ նախկին նախագահը նշելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգն աշխատում է անարդյունավետ, իր տեսակետը հիմնավորել է մի շարք անվիճելի փաստերով: Մասնավորապս, Բ. Ասատրյանը նկատել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, դրամի ռեվալվացիան դոլարի նկատմամբ կազմել է 5.5%, իսկ եվրոյի նկատմամբ` ավելի քան 7%: Դրամի ռեվալվացիայի պայմաններում, նշել է նա, ինֆլյացիայի վրա ՙարտաքին՚ գործոնների ազդեցությունը, ինչի մասին հաճախ հիշեցնում են երկրի տնտեսական իշխանությունները և ինչով բացատրում են ինֆլյացիայի բարձր մակարդակը, պետք է լիներ աննշան:
Նշենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանում ինֆլյացիան կազմել է 1.6%, 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին` 7.5%, իսկ 2010 թվականի նոյեմբերին, 2009 թվականի նոյեմբերի համեմատ` 9.6%: