Երեքշաբթի, 25 Հունվարի 2011 19:21
2011 թվականի մարտից ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ կենսաթոշակները կտրամադրի պլաստիկ քարտերով
Արմինֆո. ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ կնքել է թոշակների անկանխիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) պայմանագիր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ։Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Բանկի մամուլի ծառայությունից, 2011թ. մարտից թոշակառունեըը հնարավորություն կունենան կենսաթոշակը ստանալ պլաստիկ քարտերով:
Թոշակառուներին կառաջարկվեն երկու տեսակի փաթեթներ` Փաթեթ ՙԹոշակային Արտոնություն՚ և Փաթեթ ՙԹոշակային Ստանդարտ՚, որոնց շրջանակում թոշակառուներին անվճար կտրամադրվեն Visa պլաստիկ քարտեր և նրանք հնարավորություն կունենան սպասարկվել բանկում հատուկ պայմաններով։ Քարտի միջոցով վճարումներ կատարելիս թոշակառուներին կտրամադրվեն զեղչեր բժշկական կենտրոններում, մի շարք ատամնաբուժարաններում, օպտիկաներում և դեղատներում, ինչպես նաև Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերում (Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերի ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ պաշտոնական կայքից)։ Թոշակառուները կարող են ստանալ կենսաթոշակը ցանկացած բանկոմատից շուրջօրյա: Բացի այդ թոշակառուները կարող են կուտակել դրամական միջոցները բանկային հաշվի վրա և ստանալ տոկոսային եկամուտ։ Կենսաթոշակը քարտով ստանալու համար թոշակառուներին անհրաժեշտ է դիմել ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ և կնքել պայմանագիր: Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերում սպասարկվում է շուրջ 44 000 թոշակառու:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ։