Երեքշաբթի, 1 Մարտի 2011 18:15
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի հունվարին տարվա կտրվածքով աճել է 28.1%, մինչև 2.6 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի հունվարին աճել է 0.3%, փետրվարի 1-ին կազմելով 944.1 մլրդ. դրամ կամ 2.6 մլրդ.դոլար, իսկ տարվա կտրվածքով` 28.1%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը հունվարին կազմել է 897.3 մլրդ.դրամ կամ 2.5 մլրդ. դոլար, հունվարին աճելով 0.6%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 42.5% կամ 381.1 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 57.5% կամ 516.3 մլրդ.դրամ: 2011 թվականի հունվարին դրամային վարկավորումը կրճատվել է 0.6% տարվա կտրվածքով` աճել է 9.5%, արտարժութային վարկերի 1.6% աճի պայմաններում:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2011 թվականի փետրվարի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 4.5% կամ 42.7 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.4% կամ 4.1 մլրդ.դրամ: Ընդ որում, երկարաձգված վարկերի ծավալը հունվարին կրճատվել է 7%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը աճել է 8.8%:
Երկարաձգված վարկերի կազմում 99.8% կամ 40.079 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 76.6%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հունվարին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են`18.9%-ից մինչև 18.25%, իսկ տարվա կտրվածքով` 0.8 տոկոսային կետով: