Երկուշաբթի, 14 Մարտի 2011 18:16
Միջազգային ֆինանսական կառույցների կողմից բանկային համակարգի աջակցմանը հատկացված միջոցները կազմել են 33 մլրդ.եվրո
Արմինֆո. 2009 և 2010 թվականներին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Եվրոպական Ներդրումային Բանկի (EIB) Խումբը և Համաշխարհային Բանկի (WB) Խումբը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային համակարգերին ու տնտեսությանն աջակցելու նպատակով հատկացրել են ավելի քան 33 մլրդ.եվրո: Այս գործողությունները դարձան գլոբալ տնտեսական ճգնաժամի պատասխանը, իսկ համագործակցության իրականացված մոդելը կարող է օրինակ ծառայել ապագայի համար:
Նշված կազմակերպությունների կարծիքով, արդյունավետ համագործակցության այդ ոգին հարկավոր է պահպանել նաև հեռանկարում, մյուս տարածաշրջաններում նույնպես կիրառելու համար: 2009 թվականի փետրվարի 27-ին, ճգնաժամի գագաթնակետում, նրանց կողմից սկսվեցին համատեղ գործողությունները, որոնց շրջանակներում սկզբում որոշվեց հատկացնել 24.5 մլրդ.եվրո: ՄՖԿ-ները օպերատիվորեն արձագանքեցին ստեղծված իրավիճակին, միաժամանակ հաշվի առնելով այն փաստը, որ այդ տարածքում ճգնաժամն ավելի խորն էր, քան սպասվում էր, իսկ տնտեսության վերականգնումն ավելի շատ ժամանակ էր պահանջում: Անկասկած, ֆինանսական աջակցությունը մեծ նշանակություն ունեցավ, սակայն, պակաս նշանակալից չէր նաև Աջակցման կոորդինացիոն Պլանի դերը, որն իրականացվում էր տարբեր երկրներում` քաղաքական երկխոսության միջոցով և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև Արժույթի Միջազգայի Հիմնադրանի, Եվրոպական Հանձնաժողովի և եվրոպական առանցքային մյուս կառույցների հետ սերտ համագործակցությամբ:
Համագործակցության աննախադեպ մակարդակը կարևորագույն գործոն հանդիսացավ, նպաստելով տարածաշրջանի բանկային համակարգի նկատմամբ շուկայի վստահության վերականգնմանը, այն ժամանակ, երբ այն լուրջ դժվարությունների մեջ էր: Բացի այդ, նման համագործակցության շնարհիվ արևմտյան բանկերը կարողացան շարունակել իրենց գործունեությունը, այն ժամանակ, երբ համաշխարհային շուկաներում, գործնականում, բացակայում էր ակտիվությունը, իսկ մասնավոր կապիտալի աղբյուրները ցամաքել էին:
Միջազգային Ֆինանսական Կառույցների Պլանի իրականացման ավարտի վերաբերյալ համապատասխան հաշվետվությունում երեք նշված կազմակերպությունները հստակորեն հասկացրեցին, որ չնայած ծրագրի ավարտին, համագործակցության նման արդյունավետ ձևը, ինչը նախապես մշակվել էր Եվրոպայի համար, հեռանկարում պետք է բազմացվի և տարածվի նաև այլ իրավիճակների և տարածաշրջանների վրա, որոնց առջև ծառացել են ֆինանսական հատվածի վերակառուցման, վարկավորման աշխուժացման և զբաղվածության բարձրացման խնդիրները:
Հաշվետվության մեջ նշվում է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տնտեսությունները վերջապես սկսել են վերականգնվել, չնայած` տեմպերը դեռևս ցածր են մյուս տարածաշրջանների համեմատ: Տնտեսությունների վերականգնմանը զուգահետ անհետաձգելի խնդիր է դառնում նաև իրականացված միջոցառումների կայունության ապահովումը: Արտակարգ կարևոր դեր է հատկացվում մասնավոր հատվածի տնտեսական աճի աջակցմանն ուղղված փոխառու միջոցներին, ինչի շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Այսպիսով, առաջնահերթային խնդիր է դառնում կայուն և հաստատուն վարկավորման ապահովումը: Իսկ նշված երեք ՄՖԿ-ները հեռանկարում կշարունակեն իրենց գործունեությունը տարածաշրջանի վարկավորման ուղղությամբ: