Ուրբաթ, 11 Մարտի 2011 15:24
Արարատբանկը ներկայացրել է իր հերթական ՙքարտային՚ նորամուծությունը` ArtoCard կրկնակի նշանակության քարտը
Արմինֆո. Այսօր Երևանում Արարատբանկը կազմակերպել է իր հերթական քարտային նախագծի շնորհանդեսը: Այս անգամ որպես նորամուծություն է հանդիսացել Բանկի AutoCard կրկնակի նշանակության քարտը: Ինչպես շնորհանդեսին նշել է Բանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, քարտային նոր տեխնոլոգիան մշակվել է Petrol Plus անկանխիկ հաշվարկների ավտոմատացված համակարգի և Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ: Օսիպյանի խոսքերով, մինչև ընթացիկ տարվա ավարտը բանկը նախատեսում է թողարկել 10 հազար այդպիսի քարտեր:
Ինչպես պարզաբանել են բանկի մասնագետները, նոր քարտն իր քարտապաններին թույլ կտա իրականացնել ոչ միայն ավանդական բանկային գործառնություններ, այլ նաև կառավարել դրամական ռեսուրսները, ինչպես նաև ավտոսիրողների համար փոխարինել այսպես կոչված ՙվառելիքի՚ կտրոնները: Օսիպյանի խոսքերով, Visa համակարգի հետ համագործակցությունը բանկին թույլ է տալիս քարտային իր տեխնոլոգիաները ներդնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս, իսկ առաջին հերթին` Վրաստանում: Բանկիրի գնահատականներով, բանկի կողմից թողարկվող նոր քարտերի 70%-ը կտարածվի կորպորատիվ հաճախորդների, իսկ մնացած 30%-ը`ֆիզիկական անձանց շրջանում: Նոր ծառայությունից բանկի հաճախորդներն առայժմ կարող են օգտվել միայն ՙՖլեշ՚ բենզալցակայաներում: Ներկայումս բանկն աշխատում է քարտային նոր տեխնոլագիաների մշակման վրա:
Շնորհանդեսի ժամանակ Օսիպյանը նշել է նաև, որ բանկի ռազմավարական խնդիրներից է, ու շարունակում է մնալ, հաճախորդների բազայի կայուն աճը, որը տարեկան աճում է 47%: Արագորեն է աճում նաև բանկի դիրքը քարտային հատվածում, 2007 թվականի 6%-ից հասնելով ներկայիս 10%-ին: