Չորեքշաբթի, 23 Մարտի 2011 02:33
ՀՀ Կենտրոնական բանկը քննարկում է պարտադիր պահուստավորման նորմատիվը բարձրացնել 12%-ից մինչև 16%
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը քննարկում է պարտադիր պահուստավորման նորմատիվը բարձրացնել ներկայիս 12%-ից մինչև 16%:
Նշենք, որ 2011 թվականի փետրվարի 8-ից վերոնշյալ նորմատիվը խստացվեց, ինչի հետևանքով նախատեսված min 12%-ից դրամով պահուստավորվում է 9%, իսկ արտարժույթով` 3%, նախկին` 6%-ի փոխարեն ¥դրամով և արտարժույթով¤: Շուկայի փորձագետների կարծիքով, պահուստավորման նոր 16% նորմատիվը, հավանաբար, կտեղաբաշխվի հետևյալ ձևով` 13% կպահուստավորվի դրամով և 3%` արտարժույթով:
Ինչպես գտընում են փորձագետները, ԿԲ աստիճանաբար փոխում է պարտադիր պահուստավորման նորմատիվը, դեպի դրամային պարտադիր պահուստավորում, դեդոլարիզացիա, ինֆլյացիան զսպելու նպատակով: Նրանց համոզմամբ, սկզբնական փուլում դա կհավասարեցնի ընթացիկ դրամային և արտարժութային պարտավորությունների բաժինները, որից հետո դրամային պարտավորությունները կսկսեն գերակշռել արտարժութային պարտավորությունների նկատմամբ:
Ինչպես գտնում է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, դոլարային ավելցուկի կուտակումը, տոկոսադրույքների բարձրացումը, գների աճը, ինֆլյացիայի խորացումը, տնտեսական աճի ցածր տեմպերը, շարունակվող ճգնաժամային երևույթների պայմաներում դարձան ՀՀ ԿԲ դրամա-վարկային քաղաքականության խստացման պատճառները, որոնք ուղղված են երկրի ֆինանսական շուկայում կայունության պահպանմանը, ինֆլյացիայի զսպմանը և տնտեսության դեդոլարիզացիային: Նշված միջոցառումների պարագայում հարկավոր է առաջին հերթին քննարկել նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանաբար բարձրացումը, ¥մարտի 4-ից` 7.75%-ից մինչև 8.25%¤:
Նրա խոսքերով, պահուստավորման նորմատիվի բարձրացման դեպքում բանկերն ավելի շատ դրամի պահանջ կունենան, ինչի հետևանքով կնկատվի դոլարային իրացվելիության ավելցուկ, ինչը և կառաջացնի դոլարային տեղաբաշխումների տոկոսադրույքների փոփոխություն: Դրամային իրացվելիությունը բանկերը կարող են մեծացնել նաև ԿԲ հետ ռեպո-պայմանագրերի, պետպարտատոմսերի մի մասի վաճառքի կամ միջբանկային շուկայից ներգրավումների միջոցով:
ՙՊրոմտեյ՚ բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանի խոսքերով, կարճաժամկետ հեռանկարում նորմատիվի խստացումը չի բերի տոկոսադրույքների բարձրացման, հիպեր-իրացվելիության առկայության պատճառով, սակայն ռեսուրսների սպառումից հետո համակարգում կսկսվի նկատվել տոկոսադրույքների աճ: ՙԱյժմ կարևորն այն է, որպեսզի ընդունելի պայմաններով տեղաբաշխվեն առկա ռեսուրսները: Այդ խնդրի լուծման համար ԿԲ գործիքները բավարար չեն, դրան զուգահեռ պետք է գործի նաև կառավարությունը, ինչպես դրսից ռեսուրսներ ներգրավելով, այնպես էլ բանկերի համար գրավիչ պետպարտատոմսերի թողարկմամբ՚,-ընդգծել է բանկիրը:
Ինչպես նկատել է Արդշինինվեստբանկի բանկային գործառնությունների և դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի ղեկավար Մովսես Էլոյանը, ԿԲ քայլերը դոլարային ավանդների գծով կարող են տանել դեպի տոկոսադրույքների իջեցում: Նա նշել է, որ դա նորմալ չէ, երբ Հայաստանում դոլարային ավանդները ներգրավվում են 8-9%-ով, երբ միջազգային շուկայում այդ տոկոսադրույքը մոտենում է զրոյի: