Հինգշաբթի, 24 Մարտի 2011 02:36
Տնտեսական ակտիվության ինդեքսը Հայաստանում 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է 73%-ից մինչև 128.3%
Արմինֆո. Տնտեսական ակտիվության ինդեքսը Հայաստանում 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է 73%-ից մինչև 128.3%, իսկ տարեկան կտրվածքով` 102.7%-ից մինչև 106.3%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ինդեքսի զգալի աճը պայմանավորված է եղել նախորդ տարվա չորրորդ եռամսյակի ցածր ցուցանիշներով և երկրորդ եռամսյակի դրական սպասումներով: Առաջին եռամսյակում հարցվողների գնահատականների բալանսն իջել է տնտեսության բոլոր ոլորտների գծով: Արտադրության ծավալները և առաջարկների մակարդակը ցածր է հատկապես առևտրի և շինարարության ոլորտներում: Սպասումները չեն փոփոխվել միայն արդյունաբերության հատվածում, որտեղ հաջորդ եռամսյակում նախկին մակարդակի վրա կպահպանվի աշխատակիցների թիվն ու նրանց աշխատավարձերը, որտեղ սպասվում է գների աճ և արտադրական հզորությունների ավելացում: Շինարարության հատվածում, առևտրի և սպասարկման ոլորտներում հաջորդ եռամսյակի համար սպասումների գնահատականների բալանսը կտրուկ աճել է:
Աղբյուրի համաձայն, գործարար մթնոլորտի ինդեքսն առաջին եռամսյակում 95%-ից իջել է մինչև 94.2%, իսկ տարեկան կտրվածքով` 105%-ից մինչև 96%: Եռամսյակի կտրվածքով գործարար մթնոլորտի ինդեքսն աճել է միայն սպասարկման ոլորտում, մինչև 102.7%:
Ինդեքսների հաշվարկն իրականացվում է փաստացի գնահատականների և սպասումների բալանսի միջինացման մեթոդով: Տնտեսական ակտիվության փաստացի բալանսը հաշվարկվել է հարցվողների գնահատականների հիման վրա, կապված արտադրության ծավալների և պահանջարկի մակարդակի հետ, իսկ սպասումների բալանսը` հաջորդ եռամսյակում արտադրության հնարավոր ծավալների, ինչպես նաև արտադրանքի ու ծառայությունների նկատմամբ պահանջարկի հիման վրա:
Նշենք, որ հարցումները ԿԲ կողմից անց են կացվում 2005 թվականից, գործող ձեռնարկությունների շրջանում և կոչված են գնահատելու ներկայիս տնտեսական իրավիճակը և սպասումները: Հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է ամերիկյան ՙConference Board՚ ընկերության և IFO գերմանական ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների հիման վրա: