Հինգշաբթի, 28 Ապրիլի 2011 18:52
ՀՀ ԿԲ Նախագահ. Ապրիլին տարեկան ինֆլյացիան չի անցնի 10 տոկոսից
Արմինֆո. Ապրիլին տարեկան ինֆլյացիան կարձնագրվի միանիշ թվով, կամ կմոտենա 10%-ին: Այսօր ՀՀ Կենտրոնական բանկում, ՀՀ Նախագահի հետ կայացած քննարկումից հետո, լրագրողներին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա հիշեցրել է, որ մարտին տարեկան ինֆլյացիան կազմել է 11.5%:
Նրա կանխատեսումներով, տարեվերջին ինֆլյացիան կկազմի տարեսկզբին արձանագրված մակարդակի կեսը: ՙեթե միջազգային կոնյունկտուրան պահպանվի նույն մակարդակի վրա, իսկ ագրարային հատվածում գրանցվի մեր կողմից ակնկալվող աճը, ապա տարեվերջին ինֆլյացիան կկազմի տարեսկզբի ցուցանիշի կեսը՚,-նշել է Ա.Ջավադյանը:
Անդրադառնալով Հայաստանի բանկային համակարգի ցուցանիշներին, ԿԲ նախագահը ընդգծել է, որ անգամ 2009 թվականին, երբ երկիրը գտնվում էր ֆինանսական ճգնաժամի ազդեցության տակ, այդ իրավիճակից բանկերը դուրս եկան պատվով: Նա ընդգծել է, որ այսօր մենք ունենք բավականաչափ զարգացած, թափանցիկ և նորմալ կարգավորվող բանկային համակարգ:
Անդրադառնալով տրանսֆերտների հարցին, նա նշել է, որ 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հաամեմատ, տրանսֆերտների հոսքն աճել է 35%, իսկ մաքուր հոսքը` 25%-ով:
Ա.Ջավադյանը վստահություն է հայտնել, որ այս տարի կհաջողվի երկրում պահպանել մակրոտնտեսական կայունությունը, և ապահովել ֆինանսական համակարգի բավականաչափ լուրջ և լավ ցուցանիշներ: