Երկուշաբթի, 2 Մայիսի 2011 14:58
2011թ. առաջին եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալները աճել են 8.2 տոկոսով, մինչև 754.8 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը մարտին աճել է 5%, հունվար-մարտին` 8.2%, տարվա կտրվածքով` 8.7%, ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 754.8 մլրդ. դրամ կամ 2.041 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների ընդհանուր կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 29.7% կամ 224.6 մլրդ. դրամ (607.2 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 70.3% կամ 1.434 մլրդ.դոլար (530.2 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում մարտին աճել է 0.6 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որը Արմինֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 16.6% կամ 125.4 մլրդ.դրամ (մարտի աճը կազմել է 7.6%): Դրանց կազմում դրամային ավանդները մարտին աճել են 7.6%, մինչև 8 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը` 7.6%, կազմելով 117.4 մլրդ. դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 83.4% կամ 629.4 մլրդ.դրամ, որտեղ 216.6 մլրդ.դրամը`ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 412.8 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 38.5% կամ 242.4 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 61.5% կամ 387 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 375.6 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 2.5%, իսկ տարվա կտրվածքով` 19.7%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի մարտին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները իջել են` 9.23%-ից մինչև 9.05%, իսկ տարվա կտրվածքով` աճել են 0.5%: