Ուրբաթ, 22 Ապրիլի 2011 17:28
Փորձագետ. Դեդոլարիզացիայի գործընթացի արագությունը չի համապատասխանում ռացիոնալ սպասումներին
Արմինֆո. Դեդոլարիզացիայի գործընթացի արագությունը չի համապատասխանում ռացիոնալ սպասումներին: Մեկնաբանելով Հայաստանի բանկային համակարգի կողմից ներգրաված ավանդների ընդհանուր կազմում դոլարիզացիայի մակարդակի նվազումը, Ամերիաբանկում կայացած մամուլի ասուլիսում, այսօր նման կարծիք է արտահայտել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
ՙԴրամային և դոլարային ավանդների հարաբերակցությունը փոփոխվում է, սակայն շատ դանդաղ՚, նկատել է փորձագետը, ընդգծելով, որ հնարավոր չէ ռացիոնալ սպասումների հիման վրա գնահատել ու կանխատեսել ավանդների կազմի փոփոխությունները: ՙԱյս ոլորտում գործում է մարդկային հոգեբանությունը, որը հիմնականում իռացիոնալ է: Հետևաբար, ավանդների դոլարիզացիայի նվազեցման տեմպերը չեն կարղ հաշվարկվել միայն ռացիոնալ վերլուծական հաշվարկներով՚,-բացատրել է նա, կրկնելով, որ դոլարային ավանդների նվազեցման գործընթացի հիմքում ընկած է ոչ թե ռացիոնալ, այլ քաղաքացիների իռացիոնալ հաշվարկը:
Տ.Ջրբաշյանը նկատել է, որ դոլարիզացիայի դեմ պայքարում միաժամանակ կա նաև դրամի կայուն արժեզրկման խնդիրը, քանի որ կա արտահանողներին օգնելու խնդիր: ՙՍակայն, ինչպե՞ս պայքարել դոլարիզացիայի դեմ, երբ կա դեվալվացիայի պրոբլեմը՚, հարցադրել է փորձագետը: Նրա խոսքերով, մարդկան ռացիոնալ պատկերացումների պրոբլեմի դեմ կարելի է պայքարել տոկոսադրույքների միջոցով: ՙԲայց, քչերը կարող են վերցնել բարձր տոկոսադրույքներով վարկեր՚,-եզրափակել է Տ.Ջրբաշյանը: