Երեքշաբթի, 14 Հունիսի 2011 18:34
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստացել է ՙԴԱՅՆՐԶ ՔԼԱԲ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ՚ միջազգային վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն
Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՀՀ Կենտրոնական բանկից ստացել է ՙԴԱՅՆՐԶ ՔԼԱԲ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ՚ միջազգային վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական բաժից, ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի 10.06.11թ. կայացած նիստում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստացել է Diners Club միջազգային վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
Աղբյուրի համաձայն, աշխարհում պրեմիում դասի Diners Club միջազգային վճարային համակարգում մասնակցության գործընթացը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ սկսել էր դեռևս 2010թ. տարեվերջին: Diners Club-ի հետ կնքված պայմանագրով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է այս հեղինակավոր կազմակերպության բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում` հնարավորություն ստանալով սպասարկելու Diners Club-ի` ճանաչված համաշխարհային ապրանքանիշի պլաստիկ քարտերից և էլեկտրոնային վճարման ամենատարբեր ծառայություններից օգտվող քարտապաններին:
Առաջիկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կսկսի համապատասխան ծրագրային ապահովման ներդրման և Diners Club-ի համաշխարհային ցանցին բանկի բանկոմատների ու POS-տերմինալների միացման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2011թ. 4-րդ եռամսյակում:
Diners Club-ը հիմնադրվել է 1950 թվականին, այն բարձրակարգ ֆինանսական ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 185 երկրներում, շուրջ 675,000 բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով։ Diners Club-ի քարտերը առաջին բազմանպատակ օգտագործման քարտերն էին աշխարհում:
Համագործակցությունը Diners Club-ի հետ հնարավոր է դարձել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զարգացման դինամիկայի, մասնաճյուղերի և բանկոմատների, քարտերի սպասարկման կետերի ցանցերի ընդլայնման, Հայաստանի պլաստիկ քարտերով ծառայությունների շուկայում բանկի զբաղեցրած առաջատար դիրքերի և մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև բանկի հեղինակության և ֆինանսական ցուցանիշների շարունակական աճի շնորհիվ: