Երկուշաբթի, 20 Հունիսի 2011 20:10
Մինչեւ տարեվերջ Յունիբանկը կտեղադրի 50 նոր բանկոմատ` հասցնելով դրանց քանակը 120-ի 
Արմինֆո. Յունիբանկը շարունակում է ամրապնդել իր դիրքերը բանկային քարտերի շուկայում` արձանագրելով քարտային բիզնեսի զարգացման նշանակալի աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է    մամուլի ծառայությունից, 01.06.11թ.-ի դրությամբ Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է 69 106` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 57.4 %-ով: 
Յունիբանկի կողմից թողարկված Visa միջազգային քարտերի քանակը կազմել է 53 163, իսկ ArCa քարտերի քանակը` 15 943:  Քարտերի քանակի ավելացումը  հիմնականում պայմանավորված է նոր վարկային ծրագրերի իրականացմամբ, որոնց հիմնական նպատակը հաճախորդների սպառողական տարբեր  կարիքների բավարարումն է: Յունիբանկում հնարավոր է վարկային քարտ ձեւակերպել բժշկական, տուրիստական, ապահովագրական ծախսերը հոգալու կամ կենցաղային եւ էլեկտրական տեխնիկա ձեռքբերելու, ինչպես նաեւ առօրյա կյանքում անհրաժեշտ այլ տեսակի ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար: Բանկը վարկային քարտ է առաջարկում է նաեւ ընդհանուր սպառողական նպատակների համար` U-Buy: Այս քարտով հաճախորդը կարող է գնումներ կատարել խանութներում, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ: Վարկի գումարը կազմում է մինչեւ 1 մլն դրամ, ժամկետը` 24 ամիս: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 22 տոկոս, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:
Վարկի ձեւակերպման պարզ գործընթացը եւ վարկառուի  հանդեպ նվազագույն պահաջները բարձրացնում են Յունիբանկի քարտերի հասանելիությունը հասարակության լայն շերտերի համար: Վարկային քարտը ձեւակերպելու համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի 37 մասնաճյուղերից մեկը եւ ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթը` անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք  աշխատավայրից: 
Քարտապանների հարմարավետ սպասարկման նպատակով Բանկն ընդլայնում է  նաեւ բանկոմատների ցանցը: Ներկա դրությամբ Բանկի բանկոմատների քանակը կազմում է  70, որոնք տեղադրված են մայրաքաղաքի տարբեր շրջաններում եւ մարզերում: Մինչեւ տարեվերջ Յունիբանկը նախատեսում է շահագործման հանձնել 50 նոր բանկոմատ: