Հինգշաբթի, 30 Հունիսի 2011 13:48
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2011 թվականի մայիսին աճել է 13.7%
Արմինֆո: Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2011 թվականի մայիսին, ապրիլի համեմատ աճել է 13.7%, իսկ տարեկան կտրվածքով` 9.9%: Տնտեսական ակտիվության մայիսյան ակտիվությունը ապահովվել է հիմնականում շինարարության`70.3% և գյուղատնտեսության` 49.2% ոլորտների ակտիվացման հաշվին
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված նախնական տեղեկությունների, բացարձակ մեծությամբ մայիսին շինարարության ծավալները կազմել են 38.9 մլրդ.դրամ, իսկ գյուղատնտեսության ոլորտում` 52.3 մլրդ.դրամ:
Ըստ վիճակագրական տվյալների, տարեկան ամենամեծ աճը մայիսին գրանցվել է Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 26.8%, մինչև 652.4 մլն. կՎտ/ժամ, արդյունաբերական արտադրության ոլորտում` 25.1%, մինչև 83 մլրդ.դրամ կամ 221.3 մլն.դոլար:
Առևտրի ոլորտում 2011 թվականի մայիսին, ապրիլի համեմատ գրանցվել է 6.9% աճ, մինչև 155.9 մլրդ.դրամ, իսկ տարվա կտրվածքով` 2%: Բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալները տարվա կտրվածքով աճել է 5.6%, իսկ միայն մայիսին` 0.2%, կազմելով 68.4 մլրդ.դրամ: Սպառողական գների ինդեքսը մայիսին, ապրիլի համեմատ չի փոփոխվել, իսկ տարվա կտրվածքով աճել է 9%:
2011 թվականի մաիսին միջին նոմինալ աշխատավարձը տարվա կտրվածքով աճել է 7.2%, իսկ ապրիլի համեմատ իջել է 0.6%, կազմելով 112054 դրամ կամ 299 դոլար:
Արտաքին առևտրի շրջանառությունը 2011 թվականի մայիսին աճել է 5.6%, մինչև 177.2 մլրդ.դրամ կամ 474.7 մլն.դոլար, իսկ տարվա կտրվածքով` 23%: Արտահանումների ծավալները մայիսին աճել են` 3.1%, իսկ ներմուծման ծավալները` 6.5%:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2011 թվականի մայիսին կազմել է 374.25 դրամ/դոլար: