Երկուշաբթի, 11 Հուլիսի 2011 17:23
Մինչև տարեվերջ Ամերիաբանկը նախատեսում է ապահովել 3 մլրդ.դրամի լիզինգային պորտֆել
Արմինֆո. Մինչև տարեվերջ Ամերիաբանկը նախատեսում է 2010 թվականի համեմատ լիզինգային պորտֆելը մեծացնել 80%-ով, մինչև 3 մլրդ.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացվել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, բանկն արդեն ֆինանսավորել է լեռնամետալուրգիական և լեռնարդյունաբերության ոլորտների խոշոր ծրագրեր: Բացի այդ, բանկը ներդրել է նաև էքսպրես-լիզինգի ծառայություն, որը նախատեսում է մինչև 40 մլն.դրամ ծավալով լիզինգային գործարքների պարզեցված ընթացակարգ:
Միևնույն ժամանակ, Տ.Ջրբաշյանը տեղեկացրել է, որ մի շարք արտասահմանյան ընկերություններ Ամերիաբանկի հետ աշխատելու ցանկություն են հայտնել` խոշոր լիզնիգային գործարքների համաֆինանսավորման գծով, սակայն ներմուծման հետ կապված օրնեսդրական սահմանափակումների պատճառով, համագործակցության հարցը դեռևս ձգձգվում է: ՙՄենք որոշել ենք ինքներս բարձրացնել օրենսդրական այդ պրոբլեմը և քննարկել համապատասխան կառույցների հետ, քանի որ լիզինգային գործարքները ակտիվացնելու համար ունենք անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՚,-ընդգծել է նա:
Ըստ Ամերիաբանկի ֆինանսական հաշվետվությունների, բանկի լիզինգային պորտֆելը 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 1.6 մլրդ.դրամ: