Հինգշաբթի, 21 Հուլիսի 2011 11:06
Հայաստանի արժեթղթերի շուկայում եկամտաբերությունը երկրորդ եռամսյակում բարձրացել է 0,2-1,8 տոկոսով
Արմինֆո: Հայաստանի արժեթղթերի շուկայում եկամտաբերությունը շարունակում է աճել. երկրորդ եռամսյակում այն բարձրացել է 0,2-1,8 տոկոսով` առաջին եռամսյակի 0,7-1,2 տոկոս անկման դիմաց: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից, հաշվետու եռամսյակում կարճաժամկետ պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը (մինչև 1 տարի շրջանառության ժամկետով) բարձրացել է 1,47 տոկոսային կետով մինչև 9,37 տոկոս, իսկ միջնաժամկետ պետական պարտատոմսերինը` (1 տարուց ավելի շրջանառության ժամկետով)` 0,16 տոկոսային կետով մինչև 13,85 տոկոս:
Աղբյուրի համաձայն, միջբակային և ներբանկային շուկայում ռեպո-գործարքների միջին եկամտաբերությունը նշված եռամսյակում բարձրացել է 1,79 տոկոսային կետով մինչև 9,95 տոկոս:
2011 թ. երկրորդ եռամսյակում արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ եռամսյակի նկատմամբ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.15%-ով` կազմելով 374.18 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 7.08%-ով` կազմելով 539.15 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 6.35%-ով` կազմելով 12.38 դրամ:
2011 թվականի հուլիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 8.5% մակարդակ, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքների համապատասխանաբար` 11.5% և 5.5% մակարդակներ: