Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2011 12:18
2011 թվականի ավարտին ինֆլյացիան Հայաստանում կձևավորվի 3%-5.5%, իսկ 2012 թվականին` 1%-4% սահմաններում
Արմինֆո. Ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակից կանխատեսվում է ինֆլյացիայի նվազեցում, տարեվերջին մոտենալով նպատակային սահմանի նվազագույն մակարդակին, այսինքն` 3.2%: 2012 թվականի երրորդ եռամսյակում ինֆլյացիայի կանխատեսվող մակարդակը կկազմի 2.7%: Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թվականի երրորդ եռամսյակի դրամա-վարկային քաղաքականության, 12-ամսյա ինֆլյացիան տարեվերջին, 74.2% հավանականությամբ, կձևավորվի 3-3.5%-ի սահմաններում, իսկ 2012 թվականի երկրորդ եռամսյակի ավարտին` 70.5% հավանականությամբ կիջնի մինչև 1-4%-ի սահմանները:
Ըստ ծրագրի, ինֆլյացիայի պայմանական կանխատեսումները վերանայվել են դեպի իջեցման կողմը, հաշվի առնելով արտաքին հատվածից եկող դեֆլյացիոն միտումները, մասնավորապես, պարենային և հումքային հիմնական ապրանքների միջազգային գների իջեցումը, ինչպես նաև գյողատնտեսության ոլորտում ավելի բարենպաստ մթնոլորտի ձևավորումը, ընդ որում, շուկայական տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի պայմաններում: Չնայած դրան, դեպի ինֆլյացիոն աճ ռիսկերը դեռևս բարձր են, ինչը պամանավորված է գյուղատնտեսության ոլորտի և արտաքին հատվածի հետ կապված սպասումներով: