Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2011 15:13
ՀՀ Կենտրոնական բանկը դրամա-վարկային ցուցանիշների աճի տեմպերը վերանայել է դեպի արագացման կողմը
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը, երկրորդ եռամսյակում հիմնվելով արտաքին և ներքին ինֆլյացիոն միտումների որոշակի կայունացման, հաջորդ տարի ինֆլյացիոն ճնշումների զգալի մեղմման հետ կապված սպասումների վրա, դրամա-վարկային ցուցանիշների աճի տեմպերը վերանայել է դեպի արագացման կողմը: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թվականի երրորդ եռամսյակի դրամա-վարկային քաղաքականության մեջ, վերջին տարում դրամական զանգվածը կավելանա 19.6%, դրամային զանգվածը` 20.8%, դրամական բազան` 13.6%: Դրամական կանխիկ միջոցների տարեկան աճը կկազմի 14.4%, ինչը կուղեկցվի դրամային ավանդների 28.8% և արտարժութային ավանդների 18.1% աճով: Արդյունքում, տնտեսության դոլարիզացիայի մակարդակը կիջնի ավելի քան 1.3%, իսկ դրամացման մակարդակը կբարձրանա 12%-ով:
Ըստ ծրագրի, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տնտեսության բարձր վարկավորումը կպահպանվի նաև տարվա կտրվածքով: Սպասվում է բիզնես-վարկավորման բարձր տեմպեր և հիփոթեքային վարկավորման ակտիվացում, ինչը ակտիվույթուն կառաջացնի նաև սպառողական վարկավորման շուկայում: Արդյունքում, տնտեսության վարկավորման կանխատեսվող աճը կկազմի 24.6%: Ընդ որում, վարկավորման կազմում կպահպանվի արտարժութային բաղադրիչի գերակայությունը: