Ուրբաթ, 19 Օգոստոսի 2011 17:31
Տնտեսության վարկավորման ծավալներում արտարժութային բաղադրիչն աճել է մինչև 58.9%, իսկ ավանդների պորտֆելում կրճատվել է մինչև 78.7%
Արմինֆո. Հայաստանի տնտեսության իրական հատվածի վարկավորման ընդհանուր ծավալներում, ռեզիդենտների գծով, արտարժութային վարկերի բաժինը հունիսի 1-ին կազմել է 58.9%, տարեսկզբի համեմատ աճելով 2.3%, իսկ տարեկան կտրվածքով` 6.4%:
Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա հրապարակման մեջ, 2011 թվականի հունիսի 1-ի դրությամբ բանկային համակարգի կողմից տրամադրվել է 1111 մլրդ.դրամի վարկ, դեկտեմբերի համեմատ աճելով 17%, որտեղ, ռեզիդենտներին տրամադրվել է 1052 մլրդ.դրամ: Միայն արտարժութային վարկերը կազմել են 614.1 մլրդ. դրամ, որոնք հիմնականում հանդիսանում են երկարաժամկետ վարկեր, տեղաբաշխվելով արդյունաբերության հատվածում` 174.5 մլրդ.դրամ, առևտրի ոլորտում` 156 մլրդ.դրամ, շինարարության հատվածում` 63.21 մլրդ.դրամ ծավալներով:
Դրամական զանգվածի կազմում ռեզիդենտների արտարժութային ավանդների տեսակարար կշիռը հունիսի 1-ին կազմել է 45%, տարեսկզբի համեմատ աճելով 2.2%: Ռեզիդենտների ավանդների ընդհանուր ծավալներում արտարժութային ավանդների բաժինը 2011 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է 65.1%, ինչը 0.8% բարձր է դեկտեմբերի ցուցանիշից և 4.4% ցածր` 2010 թվականի մայիսի ցուցանիշից:
Ռեզիդենտների ցպահանջ ավանդների բաժինն ավանդների ընդհանուր պորտֆելում հունիսի 1-ի դրությամբ կազմել է 57.3%, չփոփոխվելով նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, իսկ տարեկան կտրվածքով կրճատվելով 4.5%:
Ռեզիդնտների ժամկետային վարկերի պորտֆելում արտարժութային ավանդների բաժինը կազմել է 78.7%, ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին կրճատվելով 0.9%, իսկ տարեկան կտրվածքով` 3.6%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2011 թվականի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի կողմից ներգրավվել են 757.4 մլրդ.ծավալով ավանդներ, տարեսկզբի համեմատ աճելով 7.8%, այդ թվում, ռեզիդենտներից` 637.4 մլրդ.դրամ, որի 417.3 մլրդ.դրամն` արտարժույթով, այդ թվում` 109.1 մլրդ.դրամ կազմել են ցպահանջ ավանդները և 308.2 մլրդ.դրամ` ժամկետային ավանդները: