Շաբաթ, 20 Օգոստոսի 2011 15:18
Գյուղատնտեսության ոլորտում աճի բարձր տեմպերի շնորհիվ 2011 թվականի հուլիսին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 13%
Արմինֆո. 2011 թվականի հուլիսին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 13%, իսկ 2010 թվականի հուլիսի համեմատ` 7%: Տնտեսական ակտիվության հուլիսյան աճը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության ոլորտի 66.2% աճի հաշվին:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, գյուղատնտեսության ոլորտի համախառն ծավալները բացարձակ մեծությամբ հուլիսին կազմել են 96.6 մլրդ.դրամ կամ 263.2 մլն.դոլար, 32.4% տարեկան աճով:
Ըստ վիճակագրական տվյալների, գյուղատնտեսության ոլորտից հետո տարեկան աճով երկրորդ տեղում է էներգետիկ ոլորտը, որտեղ Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճը կազմել է 13.3%: Մասնավորապես, հուլիսյան ծավալները կազմել են 662.4 մլն.կՎտ.ժամ, 3.9% ամսական աճով: Այնուհետև գալիս է արդյունաբերական արտադրության ոլորտը, 10.2% տարեկան աճով, հուլիսին գրանցելով արտադրության ծավալների 78.2 մլրդ.դրամ կամ 213 մլն.դոլար արդյունք, նվազելով 6.7%: Արդյունաբերական արտադրության գների ինդեքաը հուլիսին իջել է 6%, իսկ տարեկան կտրվածքով աճել է 6.3%:
Առևտրի ոլորտում 2011 թվականի հուլիսին, հունիսի համեմատ գրանցվել է 5.4% աճ, մինչև 166 մլրդ.դրամ կամ 452.2 մլն.դոլար, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 5.9%: Բնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալները տարեկան աճը կազմել է 5.3%, իսկ միայն հուլիսին` 7.7%, կազմելով 78.5 մլրդ.դրամ կամ 213.8 մլն.դոլար: Սպառողական գների ինդեքսը հուլիսին, հունիսի համեմատ կազմել է 97%, իսկ նախորդ տարվա հուլիսին համեմատ` 106.3%:
Արտաքին առևտրի շրջանառությունը 2011 թվականի հուլիսին կրճատվել է 7.5%, իսկ տարեկան կտրվածքով` 3.5%, մինչև 149.9 մլրդ.դրամ կամ 408 մլն.դոլար: Ընդ որում, արտաքին առևտրի կազմում արտահանման ծավալները հուլիսին կրճատվել են 8.1%, իսկ տարվա կտրվածքով` 33%, մինչև 39 մլրդ.դրամ կամ 106.3 մլն.դոլար, իսկ ներմուծման ծավալները հուլիսին կրճատվել են 7.3%, իսկ տարեկան կտրվածքով` 4%, մինչև 110.9 մլրդ.դրամ կամ 301.7 մլն.դոլար:
Ամսական միջին աշխատավարձը հուլիսին կազմել է 120836 դրամ կամ 329 դոլար, տարվա կտրվածքով աճելով 6.7%, իսկ ամսական կտրվածքով` 4.1%: Մասնավորապես, բյուջետային կազմակերպություններում հուլիսին աշխատավարձն աճել է 7%, մինչև 98334 դրամ կամ 268 դոլար, տարեկան 6.2% աճով, իսկ ոչ-բյուջետային կազմակերպություններում` 1.9%, մինչև 147083 դրամ կամ 401 դոլար, տարեկան 6.4% աճով:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2011 թվականի հուլիսին կազմել է 367 դրամ/դոլար: