Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 13:15
2011 թվականի հուլիսին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 13%
Արմինֆո. 2011 թվականի հուլիսին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 13%, իսկ 2010 թվականի հուլիսի համեմատ` 7%: Տնտեսական ակտիվության հուլիսյան աճը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության ոլորտի 66.2% աճի հաշվին:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, գյուղատնտեսության ոլորտի համախառն ծավալները բացարձակ մեծությամբ հուլիսին կազմել են 96.6 մլրդ.դրամ կամ 263.2 մլն.դոլար, 32.4% տարեկան աճով: Հուլիսին, հունիսի համեմատ զգալի աճ է գրանցվել նաև բնակչությանը մատուցվող ծառայությունների գծով` 7.7%, մինչև 78.5 մլրդ.դրամ կամ 214 մլն.դոլար, ընդ որում, 2010 թվականի հուլիսի համեմատ այս ոլորտի աճը կազմել է 5%: Ներքին առևտրի ծավալը հուլիսին աճել են 5.4%, իսկ 2010 թվականի հուլիսի համեմատ` 5.9%, կազմելով 166 մլրդ.դրամ կամ 452.2 մլն.դոլար:
Ամսական միջին աշխատավարձը հուլիսին, 2010 թվականի հուլիսի համեմատ աճել է 6.7%, իսկ հունիսի համեմատ` 4.1%, կազմելով 120836 դրամ կամ 329 դոլար:
Սպառողական գների ինդեքսը հուլիսին, հունիսի համեմատ կազմել է 97%, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ` 106.3%:
Արտաքին առևտրի շրջանառությունը 2011 թվականի հուլիսին կրճատվել է 7.5%, մինչև 149.9 մլրդ.դրամ կամ 408 մլն.դոլար, իսկ տարեկան կտրվածքով աճլ է 3.5%,: Արտաքին առևտրի կազմում արտահանման ծավալները հուլիսին կրճատվել են 8.1%, իսկ տարվա կտրվածքով` աճել են 33%: Ներմուծման ծավալները հուլիսին կրճատվել են 7.3%, իսկ տարեկան կտրվածքով` 4%:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2011 թվականի հուլիսին կազմել է 367 դրամ/դոլար: