Երեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2011 13:57
Հոկտեմբերին թանկարժեք մետաղներն էժանացել են 11.2%
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում 2.9% թանկացել են ոսկին և արծաթը, իսկ պլատինը և պալադիումը թանկացել են 3.1%, գրանցելով թանկարժեք մետաղների գների 3% միջին աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի հոկտեմբերի 17-23-ը ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 20146.09 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 1.7%, արծաթի գինը` 386.79 դրամ, աճելով 4.1%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 18480.38 դրամ, 2.7% շաբաթական աճով, պալադիումի գինը` 7341.88 դրամ` աճելով 3.6%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 25.6%, արծաթի գինը` 14.2%, պլատինի գինը իջել է 7.3%, իսկ պալադիումի գինը իջել է 16%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 4.1%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%, երրորդ եռամսյակում` 3.9%: Առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 12.3%, հիմնականում արծաթի`25.6% և ոսկու`15.1% գների աճի շնորհիվ, իսկ պլատինը և պալադիումը թանկացել են 3-4%: Սեպտեմբերին թանկարժեք մետաղները էժանացել են 5%: Երրորդ եռամսյակում ոսկին թանկացել է 15%, արշաթը` 6.7%, պլատինը` 1.2%, իսկ պալադիումը էժանացել է 7.4%: Հոկտեմբերի սկզբից մինչ օրս թանկարժեք մետաղները էժանացել են 11.2%, մասնավորապես, ոսկին էժանացել է 5.1%, արծաթը` 15.4%, պլատինը` 12.1%, իսկ պալադիումը` 12.2%: