Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2011 13:06
2011 թվականի սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 17%
ԱրմԻնֆո. 2011 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 17%, իսկ 2010 թվականի սեպտեմբերի համեմատ` 9%: սեպտեմբերին տեղի ունեցած տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության ոլորտի 39.8% աճով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, գյուղատնտեսության ոլորտի համախառն ծավալները 2011-ի սեպտեմբերին աճել է 18.6% բացարձակ մեծությամբ կազմելով 169 մլրդ.դրամ կամ 454 մլն.դոլար:
Ըստ վիճակագրական տվյալների, արդյունաբերական արտադրության ծավալը օգոստոսի համեմատ աճել է 9.4%, իսկ 2010-ի սեպտեմբերի համեմատ` 16.6%, մինչև 92.7 մլրդ.դրամ կամ 249 մլն.դոլար: Արդյունաբերական արտադրության գների ինդեքսը սեպտեմբերին աճել է 1.2%, իսկ տարվա կտրվածքով` 4.9%: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը տարվա կտրվածքով նվազել է 15.8%, իսկ միայն սեպտեմբերին` 23.6%, մինչև 486.5 մլն.կՎտ ժամ:
Առևտրի ոլորտի ծավալը 2011-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ աճել է 4.6%, մինչև 188.6 մլրդ.դրամ կամ 506.6 մլն.դոլար, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 1.7%: Բնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 3.5%, իսկ միայն սեպտեմբերին` 0.3%, կազմելով 79 մլրդ.դրամ կամ 212.2 մլն.դոլար:
Արտաքին առևտրի շրջանառությունը 2011 թվականի սեպտեմբերին աճել է 1.9%, իսկ տարեկան կտրվածքով` 26.7%, մինչև 195.4 մլրդ.դրամ կամ 525.3 մլն.դոլար: Արտաքին առևտրի կազմում արտահանման ծավալները սեպտեմբերին աճել են 21.8%, իսկ տարեկան կտրվածքով` 48.4%: Ներմուծման ծավալները սեպտեմբերին կրճատվել են 4%, իսկ տարեկան կտրվածքով աճել են` 20.1%:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2011թ.սեպտեմբերին կազմել է 372.28 դրամ/դոլար: