Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2011 16:01
2011 թվականի սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 17%
ԱրմԻնֆո. 2011 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 17%, իսկ 2010 թվականի սեպտեմբերի համեմատ` 9%: Տնտեսական ակտիվության սեպտեմբերյան և տարեկան աճը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության ոլորտի, համապատասխանաբար` 39.8% և 18.6% աճով: Սեպտեմբերյան աճում կարևոր դեր է խաղացել նաև շինարարության հատվածը, որի աճը կազմել է 19.4%, իսկ տարեկան աճում` արդյունաբերության հատվածը` 16.6% աճով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, գյուղատնտեսության ոլորտի համախառն ծավալները 2011-ի սեպտեմբերին կազմել են 169 մլրդ.դրամ կամ 454.1 մլն.դոլար: Շինարարության հատվածում սեպտեմբեին ծավալները կազմել են 49.1 մլրդ.դրամ կամ 132 մլն.դոլար, 25.2% տարեկան անկումով: Արդյունաբերական արտադրության ծավալը սեպտեմբերին կազմել է 92.7 մլրդ.դրամ կամ 249.1 մլն.դոլար, օգոստոսի համեմատ աճելով 9.4%:
Առևտրի ոլորտի ծավալը 2011-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ աճել է 4.6%, մինչև 188.6 մլրդ.դրամ կամ 506.6 մլն.դոլար, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 1.7%: Բնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 3.5%, իսկ միայն սեպտեմբերին` 0.3%, կազմելով 79 մլրդ.դրամ կամ 212.2 մլն.դոլար:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը տարվա կտրվածքով նվազել է 15.8%, իսկ միայն սեպտեմբերին` 23.6%, մինչև 486.5 մլն.կՎտ ժամ:
ՄԻջին աշխատավարձը սեպտեմբերին աճել է 0.8%, մինչև 114463 դրամ կամ 307 դոլար, գերազանցելով նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը 7.1%:
Միջնույն ժամանակ, արտաքին առևտրի շրջանառությունը 2011 թվականի սեպտեմբերին աճել է 1.9%, իսկ տարեկան կտրվածքով` 26.7%, մինչև 195.4 մլրդ.դրամ կամ 525.3 մլն.դոլար: Արտաքին առևտրի կազմում արտահանման ծավալները սեպտեմբերին աճել են 21.8%, իսկ տարեկան կտրվածքով` 48.4%: Ներմուծման ծավալները սեպտեմբերին կրճատվել են 4%, իսկ տարեկան կտրվածքով աճել են` 20.1%:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2011թ.սեպտեմբերին կազմել է 372.28 դրամ/դոլար: