Հինգշաբթի, 19 Հունվարի 2012 19:56
Անելիք Բանկը գրանցել է ավանդային պորտֆելի աննախադեպ աճ:
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելը 2011 թվականին գրանցել է աննախադեպ աճ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Անելիք Բանկի ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն աճել է շուրջ 65,4 %-ով` 31.12.11թ. դրությամբ հասնելով ավելի քան 18,3 մլրդ դրամի: Ընդ որում, միայն 2011 թ. չորրորդ եռամսյակում ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդներն աճել են 3,2 մլրդ դրամով` 21,2 %-ով: Բանկի ընդհանուր ավանդային պորտֆելը` ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրաված, աճել է շուրջ 67,4 %-ով` հասնելով ավելի քան 20,5 մլրդ դրամի:
Աղբյուրի համաձյն, ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելի աճը պայմանավորված է հիմնականում 3 ավանդատեսակներով` ՙԱպահով՚, ՙՎստահելի՚ և ՙԱրձակուրդային՚, ընդ որում, ՙԱպահով՚ և ՙՎստահելի՚ ավանդատեսակների գծով Բանկն արձանագրել է ամենաբարձր ցուցանիշները` 6,2 մլրդ դրամ: Իսկ իրավաբանական անձանց դեպքում հիմնական աճը պայմանավորված է «Կուտակայինե ավանդատեսակով:
ՙ2011 թվականի ընթացքում Բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը, մշակել և հաճախորդներին է ներկայացրել այնպիսի ավանդային գործիքներ, որոնք առավելագույնս հարմարեցված են հաճախորդների պահանջմունքներին: Դրա վառ ապացույցն է հանդիսանում 56%-ով ավանդատուների թվի աճը /ֆիզ. անձանց/ նախորդ տարվա համեմատ, ինչն էլ իր հերթին ընդգծում է հաճախորդների վստահությունը Բանկի նկատմամբ: 2011 թվականի ընթացքում Բանկը չի ավելացրել ներգրաված ավանդների տոկոսադրույքները` տարեկան տոկոսադրույքի մաքսիմալ շեմ սահմանելով ՀՀ դրամի դեպքում մինչև 12.5%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 9% տոկոսադրույքներ: Ավանդների առումով Բանկն ունի կարևոր առավելություն. մեր բանկի բոլոր ավանդատուները հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:
Ֆիզիկական անձանց համար նախատեսված ժամկետային ավանդների մշտապես համալրվող տեսականին և ճկուն սակագնային համակարգը նպաստում են Բանկի ֆիզիկական անձանց ավանդների թե' ծավալային և թե' քանակական աճին:
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ում 2012 թվականին նախատեսվում են նոր ավանդատեսակների համալրում, որոնք ևս կլինեն ճկուն և Բանկի հաճախորդներին հնարավորություն կտան առավել արդյունավետ տնօրինել իրենց դրամական միջոցներն ու խնայողությունները՚,- նշել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի ովազդի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: