Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2012 15:12
UNIStream համակարգին են միացել նաև Հայբիզնեսբանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը
ԱրմԻնֆո. Հայբիզնեսբանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը ստացել են ՀՀ Կենտրոնական բանկի հավանությունը դրամական փոխանցումների UNIStream համակարգին միանալու կապակցությամբ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ինչպես նախկինում հայտարարել էր UNIStream համակարգի նախագահ Սուրեն Հայրյանը, ցանցի ընդլայնումը կարևոր նախագիծ է Հայաստանում համակարգն ընդլայնելու համար: Նա նշել էր, որ 2012 թվականին UNIStream համակարգի ռազմավարությունը Հայաստանում կխթանի նոր պրոդուկտների առաջխաղացումը, այդ թվում` հաճախորդի միասնական քարտը, անհասցե ձևաչափը և այլն: UNIStream համակարգի ծառայություններն իրականացվում են երեք արժույթներով` ռուսական ռուբլով, ամերիկյան դոլարով և եվրոյով: Հայաստանից դուրս փոխանցումների դեպքում նախատեսված է նաև անհասցե օպցիա:
Խոսելով գործընկերության ընդլայնման մասին, ավելի քան 100 երկրներում 250 հազ.կետ ունեցող համակարգի ղեկավարը տեղեկացրել է, որ կարճ ժամկետներում համակարգին միացան հայկական չորս բանկեր, այդ թվում` Պրոմեթեյ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինինվեստբանկը և Հայբիզնեսբանկը: Այսպիսով, UNIStream համակարգի գործընկերների թիվը Հայաստանում կազմում է 5, Յունիբանկի հետ միասին:
UNIStream համակարգի շրջանառությունը 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 602.5 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 14.78%: Փոխանցումների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 15.58%, հասնելով 727832-ի: Ընդհանրապես, համակարգի փոխանցումների մոտ 65%-ը տեղի է ունենում հաճախորդի միասնական քարտի միջոցով, իսկ Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 80%:
Նշենք նաև, որ ներկայումս Արդշինինվեստբանկը համագործակցում է նաև մի շարք այլ միջազգային վճարային համակարգերի հետ, այդ թվում` IntelExpress, Զոլոտայա Կորոնա, Contact, MoneyGram, Migom, Blizko, RIA, Coinstar, Բիստրայա Պոչտա, ինչպես նաև ռուսական Ֆորա Բանկի և Խնայբանկի հետ: Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է SWIFT, MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Anelik, Բիստրայա Պոչտա, RIA Money Transfers, Լիդեր համակարգերի հետ: