Շաբաթ, 25 Փետրվարի 2012 17:06
Հայաստանի ֆինանսների նախարարը պետական ծառայողներին հորդորում է ինքնուրույն ընտրել ապահովագրական ընկերությունները
ԱրմԻնֆո. Ֆինանսների նախարար Վաչե աբրիելյանը պետական ծառայողներին հորդորում է ինքնուրույն ընտրել ապահովագրական ընկերությունները բյուջետային աշխատողների համար ՙսոցիալական փաթեթի՚ ծրագրի շրջանակում: ԱրմԻնֆոյին մեկնաբանելով ՙբարձրաստիճան՚ պաշտոնյաների կողմից ենթակաների նկատմամբ ճնշման փորձերը ապահովագրական ընկերության ընտրության հարցում` նախարարը նշել է, թե որոշակի դեպքեր չգիտի, սակայն դրանց մասին լսել է: ՙՄենք բոլոր պետական ծառայողներին տեղեկացնում ենք ապահովագրողի ազատ ընտրության իրավունքի մասին՚, - նշել է Վ.աբրիելյանը: Նա ճշտել է, որ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում զետեղված է այն 6 ապահովագրական ընկերությունների ապրանքների մասին տեղեկատվություն, որոնք մասնակցում են սոցփաթեթի շրջանակում պետական ծառայողների բժշկական ապահովագրության ծրագրին: Նախարարն օգնության է կոչել նաև տեղեկատվական ծառայություններին, նշելով, որ մարդկանց իրիազեկումը նաև նրանց առաջնային խնդիրն է:
Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունն այսօր իր աշխատակիցների համար կազմակերպել էր շնորհանդեսային միջոցառում, որի ընթացքում բոլոր 6 ապահովագրական ընկերությունները ներկայացրել են յուրաքանչյուր բյուջետային աշխատողի համար պարտադիր բժշկական ապահովագրության հիմնական փաթեթը և նրանց լրացուցիչ առաջարկությունները` անհատական և ընտանեկան: Ֆինանսների նախարարն իր ենթականերին նախազգուշացրել է, որ հիմնական փաթեթը չի ծածկում բոլոր բժշկական ծախսերը և խնդրել է ավելի ուշադիր ուսումնասիրել բոլոր ապահովագրողների առաջարկությունները, ինչպես նաև բժշկական ապահովագրության էությունը` ապագայում թյուրիմացություններից խուսափելու նպատակով:
Հայաստանի ապահովագրողների ասոցիացիայի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանն իր հերթին նշել է, որ 52 հազար դրամ արժողությամբ բժշկական ապահովագրության հիմնական փաթեթը ենթադրում է բյուջետային աշխատողների ստացիոնար բուժօգնության տրամադրում և ներառում է նաև սիրտանոթային վիրաբուժության գծով փոխհատուցում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի պետբյուջեով շուրջ 120 հազար պետական ծառայողների համար նախատեսված է 18 մլրդ դրամ ընդհանուր ծավալի սոցիալական փաթեթ: Ծրագրի շրջանակներում բյուջետային աշխատողները պետության կողմից տրամադրված ՙանկանխիկ՚ ֆինանսական օգնությունը կարող են օգտագործել 4 ուղղություններով. բժշկական ապահովագրության, հիփոթեքի գծով տոկոսների մարման, կրթության և Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում հանգստի համար վճարելու նպատակով: Ընդ որում բժշկական ապահովագրությունը ծրագրի պարտադիրի բաղադրիչ է, իսկ 52 հազար դրամ արժողության բժշկական ծառայության հիմնական փաթեթը ենթադրում է 3.8 մլն դրամի ապահովագրական վճարում: Հիմնական փաթեթի շրջանակում հիվանդներին տրամադրվում է ստացիոնար, բուժական-կանխարգելիչ բուժօգնություն, բժշկական խորհրդատվություն, լաբորատոր և գործիքային ախտորոշում: Լիովին փոխհատուցվում են թերապևտիկ բնույթի, վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդությունների, վնասվածքների, այրվածքների, սառցահարման բուժումը, թերապևտի խորհրդատվությունը, արյան և մեզի ընդհանուր ստուգումը, էլեկտրասոնոգրաֆիան: