Չորեքշաբթի, 29 Փետրվարի 2012 17:47
Առաջին կիսամյակի ավարտին ՙԿասկադ Ինվեսթմենթս՚-ը մտադիր է կենսաթոշակային հիմնադրամի լիցենզիա ստանալու հայտ ներկայացնել
ԱրմԻնֆո. 2012 թվականի առաջին կիսամյակի ավարտին ՙԿասկադ Ինվեսթմենթս՚ ներդրումային ընկերությունը մտադիր է կենսաթոշակային հիմնադրամի լիցենզիա ստանալու հայտ ներկայացնել: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում տեղեկացրել է ընկերության նորանշանակ տնօրեն Լուսինե Եղիազարյանը: Նա նշել է, որ կենսաթոշակային ակտիվների կառավարման սխեմատիկ ծրագրերն արդեն գործնականում պատրաստ են, ՙմնում է միայն անցնել թեստավորման փուլը՚,-նշել է նա:
Լ.Եղիազարյանը հիշեցրել է, որ կենսաթոշակային կամավոր համակարգի շրջանակներում գործատուները, որոնք մասնակցում են կամավոր կենսաթոշակային սխեմաներին, ստանում են հարկային լուրջ արտոնություններ, մասնավորապես, այդ նպատակներով փոխանցված գումարների 150%-ի չափով ընդգրկել ընկերութան ծախսերի կազմում: Ընկերության ղեկավարը վստահ է, որ հարկային այդ խթանը թույլ կտա էապես ընդլայնել շուկան:
Լ.Եղիազարյանը գտնում է, որ կենսաթոշակային ռեֆորմը կզարգացնի կապիտալի շուկան, մեծացնելով երկար փողերի հոսքը դեպի երկրի տնտեսություն, որոնց գրագետ օգտագործումը կարող է բերել տնտեսական աճի: ՙՌեֆորմի հայեցակարգը կառուցված է այնպես, որ դրա բարիքներից կարող են օգտվել տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ, այդ թվում նաև նրանք, որոնց տարիքն անցել է 40-ից՚,-նշել է նա, հիշեցնելով, որ կենսաթոշակային նոր ռեֆորմը ենթադրում է նաև պետության մասնակցությունը կենսաթոշակների ձևավորման գործում, ինչն էլ հասարակ քաղաքացու համար ռեֆորմը դարձում է ավելի գրավիչ:
Նշենք, որ Հայաստանում թրաստային կառավարումով զբաղվում են գործող 8 ներդրումային ընկերություններից 3-ը` ՙԿասկադ Ինվեսթմենթս՚, ՙԿապիտալ Ասեթ Մենեջմենթ՚ և ՙFuture Capital Market՚ ընկերությունները: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի ներդրումային ընկերությունների Ռենկինգի, թրաստային կապիտալի ծավալը 2010 թվականի ավարտին կազմել է 4.162 մլրդ.դրամ: 2011 թվականին, ըստ փորձագետների, շուկայի ծավալը գրեթե չի փոփոխվել: Ներդրումային ընկերությունների միագումար ակտիվները 2010 թվականի ավարտին կազմել են 19.4 մլրդ.դրամ կամ 53.5 մլն.դոլար: