Չորեքշաբթի, 7 Մարտի 2012 20:44
Օլիվյե Դեկամպը բարձր է գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը և ողջունել ԿԲ ջանքերըª ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովման գործում
ԱրմԻնֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ԿԲ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ գործունեությունը, նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացնելով տնտեսության իրական հատվածումª գյուղատնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքներ, հեռահաղորդակցություն, և ֆինանսական ոլորտում:
Պարոն Դեկամպը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև Հայաստանի և ՎԶԵԲ միջև վերջին տարիներում ծավալված համագործակցության համար: Նա բարձր է գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը և ողջունել ԿԲ ջանքերըª ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը: Նա նշել է, որ Հայաստանի գործարար միջավայրը և ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը գրավիչ հիմք են ստեղծում ներկայիս համագործակցության հետագա խորացման համար: Օլիվյե Դեկամպը ներկայացրել է ՎԶԵԲ Հայաստանի ռազմավարությունը և գերակա ուղղությունները:
Պարոն Ջավադյանը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, և ասել, որ Հայաստանի կենտրոնական բանկը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը նույն կառուցողական ոճով: