Երեքշաբթի, 17 Ապրիլի 2012 16:18
Առէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբն ընդլայնում է բանկոմատների և POS- թերմինալների ցանցը
ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր բանկոմատների և POS-թերմինալների ցանցը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այս տարի բանկոմատների թիվը կավելանա 25-ով, մինչև 83, իսկ POS-թերմինալների թիվը` 100-ով, մինչև 300:
ՙԲանկոմատների և POS-թերմինալների ցանցի ընդլայնման մասին որոշումը կապված է երկրում քարտային բիզնեսը զարգացնելու բանկի մեծ պլանների, ինչպես նաև 2012 թվականին բանկային նոր ծառայությունների ներդրման հետ՚,-տեղեկացրել է ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայություններն արագորեն կզարգանան. ՙԱրդեն ներկա պահին Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան բանկերի միջև մեծ մրցակցության շնորհիվ գտնվում է բուռն զարգացման փուլում: Դա հաստատվում է ինչպես թողարկված քարտերի ու տրանսակցիաների թվի կտրուկ աճով, ինչպես նաև Հայաստանի բանկերի կողմից քարտային նոր ծրագրերի ներդրումով՚,-նշել է Ռ.Խաչատրյանը, հաստատելով փորձագետների կանխատեսումներն այն մասին, որ 2012 թվականին կշարունակվեն բանկերի կողմից քարտերի թողարկման և սպասարկման դիմաց գանձվող կոմիսիոն վճարների նվազման միտումները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ Տեղեկագրի, 2011 թվականի 3-րդ եռամսյակի ավարտին ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ ակտիվ քարտերի քանակը կազմել է 25805 քարտ, գրանցելով տարեկան 32.7% աճ, իսկ տրանսակցիաների ծավալները կազմել են 23.3 մլրդ. դրամ, գրանցելով 24% տարեկան աճ: