Երկուշաբթի, 23 Ապրիլի 2012 18:26
Armenian Card-ը հայտարարել է քարտային վճարումների համակարգի նոր ծրագրային ապահովման գործարկման աշխատանքների մեկնարկի մասին
ԱրմԻնֆո. Հայաստանի ազգային վճարային օպերատոր Armenian Card ընկերությունը հայտարարել է ծրագրային նոր ապահովման գործարկման աշխատանքների մեկնարկի մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ArCa մամուլի ծառայությունից, ներկայումս տարվում են աշխատանքներ նոր ծրագրային ապահովման և անդամ բանկերի յոթ տարբեր ABS (բանկային ավտոմատացված ծրագրեր) համակարգերի համակցման ուղղությամբ:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի օգոստոս ամսից իրականացվել են նոր սերվերների տեղադրման և կարգաբերման աշխատանքները, սերվերային տարածքները համալրվել են հովացման և անխափան էլեկտրասնուցման ժամանակակից համակարգերով: Իրականացվում է ծրագրային համակարգի տեղայնացման գործընթացը:
Բացի այդ, ըստ աղբյուրի, միջազգային վճարային համակարգերի հետ համաձայնեցվել է սերտիֆիկացումների ամբողջական փաթեթը և դրանցից յուրաքանչյուրի համար` տեստային գործարքների և տեստերի իրականացման ցանկը: Տեղադրվել և կարգաբերվել են նոր ծրագրային ապահովման տեստային տարբերակը, գրանցվել են տեստային քարտեր և տերմինալներ, որոնց միջոցով շուտով կմեկնարկեն համակարգի սերտիֆիկացումները: Միջազգային վճարային համակարգերի սիմուլյատորները համալրվել են վերջին վերազինումներով, ինչպես նաև կարգաբերվել են այդ համակարգերի տեստային ծրագրերը և սարքավորումները` միգրացիոն նախագծի պահանջներին համապատասխան: Նշված սերտիֆիկացումների իրականացման նպատակով ձեռք են բերվել միջազգային վճարային համակարգերի բոլոր անհարաժեշտ տեստային քարտերը` սպասարկման ցանցի փորձարկման համար, իսկ թողարկման ցանցի փորձարկման համար ստեղծվել են տեստային քարտեր` նոր ծրագրի տեստային համակարգով:
Աղբյուրի համաձայն, ArCa պրոցեսինգային կենտրոնի ներկայիս ծրագրային ապահովումը ներդրվել է մոտ 11 տարի առաջ և այլևս չի համապատասխանում բանկային և քարտային բիզնեսի արդյունավետ զարգացման արդի պահանջներին: Ներդրվող ծրագրային համակարգը բավարարում է ոլորտի ժամանակակից պահանջներին: Վերջինիս կարևորագույն առանձնահատկությունն է բազմաբանկ կառուցվածքը, որը հնարավորություն կընձեռի համակարգի անդամ բանկերին լինել անկախ և յուրահատուկ քարտային ծրագրերի իրականացման իրենց մոտեցումներում: Նոր ծրագրային համակարգը ամբողջությամբ համապատասխանում է անվտանգության միջազգային խստագույն պահանջներին, մասնավորապես PA DSS (Payment Aplication Data Security Standards) վկայականի առկայությունը վկայում է նշված ծրագրի միջազգայնորեն ճանաչված` առավել անվտանգ համակարգ լինելու մասին:
Նշենք, որ Armenian Card ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին: Ներկայումս ընկերության բաժնետերերն են ՀՀ Կենտրոնական բանկը և Հայաստանի 17 առևտրային բանկեր, սակայն ArCa համակարգի անդամ են հանդիսանում գործնականում բոլոր բանկերը, իրականացնելով վճարային քարտերի թողարկում և/կամ էկվայրինգ: 2001 թվականից Armenian Card-ը հանդես է գալիս որպես պրոցեսինգային կենտրոն, տեղական ArCa քարտերից բացի իրականացնելով նաև միջազգային MasterCard Worldwide քարտերի թողարկում և էկվայրինգ, Visa Int. քարտերի էկվայրինգ, ունենալով Member Service Provider (MasterCard) և Third Party Processor (Visa Int.) կարգավիճակ: 2010 թվականին Armenian Card-ը սկսեց հանդես գալ նաև որպես American Express (Third Party Processor) միջազգային քարտերի պրոցեսինգային կենտրոն: