Երեքշաբթի, 29 Մայիսի 2012 17:29
Տեսաբան. Մինչև հուլիս ՀՀ դրամի փոխարժեքի վրա արտաքին գործոնների ազդեցությունը կսկսի դանդաղել
ԱրմԻնֆո. Մինչև հուլիս ՀՀ դրամի փոխարժեքի վրա արտաքին գործոնների ազդեցությունը կսկսի դանդաղել: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել տնտեսական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ֆինանսական հաշվարկների ամբիոնի ղեկավար, դոցենտ Հայկ Մնացականյանը: Նա ճշգրտել է, որ մինչև հուլիս նավթի միջազգային գները կսկսեն բարձրանալ: Իր գնահատականները փորձագետը հիմնավորել է նավթի ֆյուչերսների սակարկությունների ծավալների աճի վրա:
Վերջին օրերին ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի կտրուկ աճը փորձագետը բացատրել է նաև ներքին գործոնների ազդեցությամբ: Դրանց շարքում նա նշել է սեզոնային գործոնը, երբ հանգստի նպատակով քաղաքացիները մեկնում են արտասահման, բարձրացնելով պահանջարկը դոլարի նկատմամբ: Հ.Մնացականյանը նկատել է, որ դրամի թույլ դեվալվացիան խթանում է ներքին արտադրանքների արտահանումը, դրանով իսկ բարձրացնելով դրանց մրցունակությունն արտաքին շուկայում:
Անդրադառնալով ինֆլյացիային, փորձագետը վստահություն է հայտնել, որ տարվա ընթացքում ինֆլյացիան կպահպանվի Կենտրոնական բանկի նպատակային մակարդակի վրա, որը կազմում է`4+/-1.5%:
Նա նկատել է, որ դոլարով խնայողություններ ունեցողները փոխարժեքի տատանումների արդյունքում կշահեն, իսկ ՀՀ դրամով ավանդներ ունեցողներին փորձագետը խորհուրդ է տվել այսօրվանից իրենց գումարները ներդնեն երկրի իրական տնտեսության մեջ: