Հինգշաբթի, 14 Հունիսի 2012 15:58
Թողարկվել է "Սերգեյ Փարաջանով” նոր հուշադրամ
ԱրմԻնֆո: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը “Աշխարհի հայտնի ռեժիսորները” միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված Սերգեյ Փարաջանովին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում հուշադրամի բնութագիրն է. Անվանական արժեքը`100 դրամ, Մետաղը եւ հարգը`արծաթ, 9250,Քաշը`28,28 գ, Չափը` 28,0 x 40,0 մմ, Որակը`պրուֆ, Տպաքանակը` մինչեւ 5555 հատ:
Հուշադրամի դիմերեսի աջում պատկերված է Սերգեյ Փարաջանովի կոլաժից հատված, ձախ մասում Փարաջանովի դիմապատկերն է: Կենտրոնում կինոխցիկ է ամրակալանի վրա, որից աջ ճեղքված նուռ է, իսկ ձախ` դրամահատարանի առեւտրային նիշը: Ներքևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է եւ հուշադրամի անվանական արժեքը` "DRAM 100 ԴՐԱՄե: Ձախում ուղղահայաց հայերեն, իսկ ներքեւում հորիզոնական անգլերեն համապատասխանաբար մակագրված են՝ “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" եւ “REPUBLIC OF ARMENIA”: Վերեւի աջում ուղղահայաց նշված է թողարկման տարեթիվը` “2012":
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Փարաջանովի դիմապատկերն է, որից վերև “SERGEI PARAJANOV” ոճավորված մակագրությունն է: Վերևի աջ անկյունում Փարաջանովի "Ֆաբերժեի հիշատակին" կոլաժից հատված է, իսկ դրանից ներքև՝ Փարաջանովի ինքնատիպ ստորագրությունը, որն ավարտվում է անսովոր կափարիչով. ռեժիսորը դրա վրա քերծելով գծել է Պուշկինի դիմանկարը: Ձախ կողմում ուղղահայաց մակագրված են Փարաջանովի ծննդյան և մահվան տարեթվերը` "1924 – 1990”:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: