Ուրբաթ, 22 Հունիսի 2012 20:51
ՀՀ ԿԲ նախագահ. Հայաստանն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ստեղծում է բոլոր պայմանները
ԱրմԻնֆո. Այսօր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի բիզնես ֆորումին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ողջունելով ֆորումի մասնակիցներին, Արթուր Ջավադյանը խոսել է Կենտրոնական բանկի մոտեցումներիª Հայաստանի տնտեսական և ներդրումային քաղաքականության ձևավորման գործընթացում ֆինանսական համակարգի մասնակցության դերի, ծառացած մարտահրավերների և քաղաքականության առաջնահերթությունների մասին:
Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել միջազգային ասպարեզում բանկի գործընկերների, այդ թվումª Սևծովյան առևտրի և զարգացման բանկի աջակցության կարևորությունը: Նա փաստել է, որ համատեղ ծրագրերը գրեթե առանց բացառության հաջողվում են և դառնում տնտեսության զարգացման և շարունակական փոխշահավետ հարաբերությունների հաստատման գրավական: Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նպատակային ֆինանսավորման ծրագրերի միջոցները հիմնականում ուղղվում են փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների, ինչպես նաև արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների զարգացման կարիքներին, ինչը էապես կարևոր է տնտեսության զարգացման տեսանկյունից:
Իր հերթին, ՍԱԶԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը նշել է, որ Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր լավ օրինակ ծառայում Բանկի մյուս անդամ-երկրների համար, որտեղ առկա է կայուն հետճգնաժամային տնտեսական աճը, ինչպես նաև ոչ մեծ գնաճը, կայուն արժույթը, արդյունավետ ֆիսկալ կառավարումը, պետական պարտքը: