Երեքշաբթի, 17 Հուլիսի 2012 19:44
Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները և տնային տնտեսություններն ակնկալում են տարեկան ինֆլյացիայի համեմատաբար ցածր դիապազոն` 2,2-5,5 տոկոս
ԱրմԻնֆո: Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները և տնային տնտեսություններն ակնկալում են տարեկան ինֆլյացիայի համեմատաբար ցածր դիապազոն` 2,2-5,5 տոկոս: Այդ են վկայում 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ԿԲ անցկացրած հարցման արդյունքները: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2012   թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, այդ դիապազոնը պահպանում են բանկերի 48 տոկոսը և վարկային ընկերությունների 43,3 տոկոսը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ 2012 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային  քաղաքականության ծրագրում տարեվերջի համար կանխատեսվել էր 4,5 տոկոս մակարդակի ինֆլյացիա, իսկ տարեկան միջին ինֆլյացիոն ցուցանիշը` 4 տոկոսի սահմաններում` տատանումների 1,5 կ/կ դիապազոնի պայմաններում:
Վերը նշված տնտեսական սուբյեկտների ինֆլյացիոն սպասումները հիմնավորված են 12-ամսվա ինֆլյացիայի աստիճանական նվազման միտումներով` մարտի վերջին մինչև թույլատրելի նվազագույնը: Այդուհանդերձ, ինչպես ֆինանսական կազմակերպությունների, այնպես էլ տնային տնտեսությունների ադապտիվ սպասումները չեն բացառում նաև բարձր ինֆլյացիայի ռիսկերը: Այսպես, բանկերի շուրջ 43 տոկոսը և վարկային ընկերությունների 33 տոկոսը կարծում են, որ ինֆլյացիոն դիապազոնը կպահպանվի 5,5-8,5 տոկոսի սահմաններում: Տնային տնտեսությունների ինֆլյացիոն սպասումներն առաջին եռամսյակի հարցման արդյունքներով ավելի զուսպ են. ինֆլյացիայի սպասվող միջին մակարդակը կազմել է 5 տոկոս` նախորդ եռամսյակի 7,5 տոկոսի դիմաց: Հարցման արդյունքների համաձայն, շուկայական տոկոսադրույքներին առնչվող վարկային ընկերությունների և բանկերի սպասումները մեր տարվա հորիզոնում կայուն են:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2012 թվականի առաջին եռամսյակում ինֆլյացիան կազմել է 2,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5,2 տոկոսի դիմաց: Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը 12-ամսվա ինֆլյացիան կազմել է 2,2 տոկոս: Ավելի ցածր ինֆլյացիայի ձևավորումը, քան նախատեսվում էր ԿԲ առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի  սցենարով, պայմանավորված է ինչպես պարենային և ոչ պարենային ապրանքների գների, այնպես էլ ծառայությունների սակագների դանդաղ աճով: