Երեքշաբթի, 4 Սեպտեմբերի 2012 12:14
Հայաստանի բանկերի դրամային ավանդներն ըստ տարեկան աճի զիջում են արտարժութային ավանդներին
ԱրմԻնֆո: Հայաստանի բանկերի կողմից 2012 թվականի հուլիսին ներգրավված ավանդների ծավալն ավելացել է 1%-ով, տարեկան 34,6% աճի պայմաններում` 2012թ. օգոստոսի 1-ի դրությամբ հասնելով 1.081 տրլն  դրամի(2.651 մլրդ դոլար):
Ներգրավված ավանդների կառույցում դրամային ավանդների բաժինը կազմել է 30,1% կամ 325.8 մլրդ դրամ (799.3 մլն դոլար): Այդ ցուցանիշը հաշվետու ամսում ավելացել է 1,4%-ով, տարեկան 26,3% աճի պայմաններում: Արտարժութային ավանդների բաժինը կազմել է 69,9% կամ 755 մլրդ դրամ (1.852 մլրդ դոլար), հուլիսին 0,8%, իսկ տարեկան կտրվածքով 38,6% աճի պայմաններում: Ավանդների ընդհանուր ծավալում դրամային ավանդների տեսակարար կշիռը հուլիսին ավելացել է 0,1 կետով` արտարժութային ավանդների համանման անկման պայմաններում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված    ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդներին բաժին է ընկել 22% կամ 237.7 մլրդ դրամ (ամսական աճը` 5,6%, իսկ տարեկանը` 83,7%): Դրանց կառույցում դրամային ավանդները հուլիսին ավելացել են 6,8%-ով, մինչև 15.3 մլրդ դրամ (63% տարեկան աճի պայմաններում), իսկ արտարժութային ավանդների ծավալն ավելացել է 5,5%-ով (85,6% տարեկան աճի պայմաններում) և կազմել է 222.4 մլրդ դրամ:
Ռեզիդենտների ավանդներին բաժին է ընկել ավանդների ընդհանուր ծավալի 78% կամ 843.1 մլրդ դրամ, որից 310.5 մլրդ դրամ դրամային ավանդներն են, հուլիսին 1,2%, իսկ տարեկան կտրվածքով 24,9% աճով, իսկ 532.6 մլրդ դրամ արտարժութային ավանդներն են (հուլիսին 1% անկման, տարեկան 25,3% աճի պայմաններում): Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կառույցում ցպահանջ ավանդներին բաժին է ընկել 32,6% կամ 274.5 մլրդ դրամ (հուլիսին 2,2% անկում 2,2% տարեկան աճի պայմաններում), իսկ ժամկետային ավանդներին բաժին է ընկել 67,4% կամ 568.6 մլրդ դրամ (հուլիսին 0,7%, իսկ տարվա ընթացքում 40,4%  աճ):
2012թ. օգոստոսի 1-ի դրությամբ բնակչության ավանդների գծով մնացորդը կազմել է 562.7 մլրդ դրամ (1.380 մլրդ դոլար), հուլիսին կրճատվելով 0,6%-ով (3.457 մլն դրամ)` տարեկան 35,9% աճի պայմաններում (148.7 մլն դրամ):
Աղբյուրի համաձայն, 2012 թ. հուլիսին դրամային ավանդների տոկոսադրույքներն ավելացել են 1,06 կետով, մինչև 10,09%` տարեկան 1,14 կ. բարձրացման պայմաններում: