Ուրբաթ, 7 Սեպտեմբերի 2012 11:26
2012 թվականի առաջին կիսամյակում արժույթի իրական արդյունավետ փոխարժեքը նվազել է 7 տոկոսով` անվանական փոխարժեքի 4,4 տոկոս անկման պայմաններում
ԱրմԻնֆո: 2012 թվականի առաջին կիսամյակում արժույթի իրական արդյունավետ փոխարժեքը նվազել է 7 տոկոսով` հուլիսի 1-ին կազմելով 122,5: Այդ մասին նշվում է Հայաստանի ԿԲ ամենամսյա տեղեկագրում: Տարեկան կտրվածքով (2012 թ. հունիսին 2011 թ. հունիսի համեմատ) իրական արդյունավետ փոխարժեքի անկումը կազմել է 2,9%:
Հիշեցնենք, որ 2011 թ. ընթացքում այդ ցուցանիշի աճ արձանագրվել էր հունվարին, սեպտեմբերին և նոյեմբերին, իսկ փետրվարից մինչև օգոստոսը ներառյալ դիտվել էր տևական նվազում: 2012 թ. արժույթի իրական արդյունավետ փոխարժեքի աճ է արձանագրվել միայն հունվարին, իսկ մնացած ամիսներին` տևական անկում:
Միևնույն ժամանակ, անվանական արդյունավետ փոխարժեքը 2012 թ. հունվար-հունիս ամիսներին նվազել է 4,4%-ով` կազմելով 211,8: Ընդ որում տարեկան կտրվածքով անվանական արդյունավետ փոխարժեքը նվազել է 0,05%-ով: 2011 թ. անվանական արդյունավետ փոխարժեքի անկում է արձանագրվել հունվարից մինչև ապրիլը ներառյալ, ինչպես նաև հոկտեմբերին և նոյեմբերին, իսկ աճ` մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին և դեկտեմբերին: 2012 թ. արժույթի անվանական արդյունավետ փոխարժեքի աճ է արձանագրվել միայն մայիսին: