Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2012 19:59
Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր ավանդային ակցիա` ՙՃանաչիր փողի արժեքը՚:
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր ավանդային ակցիա` ՙՃանաչիր փողի արժեքը՚: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի լրատվական ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, դեռևս 2010 թվականից Բանկը հանդես էր եկել նմանօրինակ ակցիայով, որը լայն արձագանք էր ստացել հանրության շրջանում: Նոր ակցիան գործելու է մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը: ՙՃանաչիր փողի արժեքը՚ ակցիայի պայմանները ներկայացվում են ոչ թե ավանդական` տոկոսադրույքների տեսքով, այլ որպես տարեվերջում ստացման ենթակա ընդհանուր գումարի և ավանդատուի կողմից ներդրվող գումարի տարբերություն:
Ըստ ներդրված արժույթների` համապատասխան գումարների տարեկան արժեքը հետևյալն է. 100 ԱՄՆ դոլարն արժե 93.68 ԱՄՆ դոլար, 100 եվրոն արժե 94.71 եվրո, 1,000 ՀՀ դրամը` 903.26 ՀՀ դրամ: Ավանդատուները հնարավորություն կունենան ավանդի ներդրման պահին ստանալ ներդրվող գումարի և մեկ տարի անց ստացման ենթակա գումարի տարբերությունը: Ի դեպ, նշված տարբերությունը հարկված է օրենսդրությամբ սահմանված կարգով և հանդիսանում է ավանդատուի տարեկան տոկոսային եկամտաբերությունը:
ՙՃանաչիր փողի արժեքը՚ ավանդը ստեղծում է նաև լրացուցիչ հնարավորություններ ավանդատուի համար. վճարային քարտի ստացում` առանց 2 տարվա տարեկան սպասարկման միջնորդավճարի գանձման, քարտով վարկային գծի ստացում` ինչպես մարման արտոնյալ ժամկետով, այնպես էլ վարկային գծի մարման ժամանակացույցով:
Նշենք, որ Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 27 %-ով, իսկ տարվա սկզբի համեմատությամբ` 24 %-ով և 30.09.12թ. դրությամբ կազմել է ավելի քան 42 մլրդ դրամ:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2011 թվականից Ամերիաբանկի խոշորագույն բաժնետերն է հանդիսանում Ամերիա գրուպը, 99.99% մասնակցությամբ: