Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2012 19:44
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում կատարված գործարքների 69.9%-ն ընկնում է բանկոմատների միջոցով կանխիկացման գործարքներին
ԱրմԻնֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում կատարված գործարքների 69.9%-ը կազմում են բանկոմատների միջոցով կանխիկացման գործարքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card ընկերությունից, երկրորդ տեղում են POS-թերմինալների միջոցով կանխիկացման գործարքները` 18,55%: Իսկ անկանխիկ գործարքների բաժինը կազմել է 11.53%, ընդ որում, մեծ մասը կատարվել է POS-տերմինալների միջոցով (9.56%):
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ համակարգում գործող POS-թերմինալների թիվը առեւտրի/սպասարկման եւ կանխիկացման կետերում կազմել է 5979 (տարեկան աճը` 30.1%), որից 556-ը գտնվում են կանխիկացման կետերում (տարեկան աճը` 11.6%), իսկ 5423-ը` առեւտրի կետերում (տարեկան աճը` 32.4%): Իսկ բանկոմատների թիվը կազմել է 950, տարեկան կտրվածքով աճելով 18% կամ 145 բանկոմատով: Ընդ որում, բոլոր բանկոմատները սպասարկում տեղական ArCa քարտերը, իսկ Visa քարտերն սպասարկում են 868 բանկոմատներ եւ MasterCard-երը` 862 բանկոմատներ:
Ըստ ArCa-ի տվյալների, 2012 թվականի դեկտեմբերի 1-ին գրանցված առևտրի կետերի քանակը կազմել է 4859 (տարեկան աճը` 33%): Այս կետերում տեղադրված POS-թերմինալների թիվը կազմել է 5423 (տարեկան աճը` 32.4%), որից գործարքներ են իրականացվել 3859 POS-թերմինալներով (տարեկան աճը` 25.5%): Աշխատող POS-թերմինալների թիվը դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 79.4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84.2%-ի փոխարեն: