Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2012 20:24
Հայաստանի դրամական զանգվածը մեկ տարում ավելացել է 21,2 տոկոսով` դրամային զանգվածի 16,3 տոկոս աճի պայմաններում
ԱրմԻնֆո. Նոյեմբերին ձևավորվել է դրամավարկային հետևյալ միջավայրը. փողի և դրամային զանգվածների 12-ամսյա աճերը կազմել են համապատասխանաբար 21.2% և 16.3%,
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դրամային ավանդները ավելացել են 25,2 տոկոսով, իսկ արտարժութայինը`27,7 տոկոսով:
ԿԲ գնահատմամբ, երկրի տնտեսության վարկավորումը տարեկան կտրվածքով ավելացել է 27,7 տոկոսով, որի կառույցում շարունակում են գերակշռել արտարժութային վարկերը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի դրամական բազան 2012 թվականի հոկտեմբերին ավելացել է 6,3 տոկոսով (37.7 մլրդ դրամով), տարեկան կտրվածքով 10,3 տոկոս աճի պայմաններում, նոյեմբերի 1-ի դրությամբ կազմելով 641.6 մլրդ դրամ: Դրամական զանգվածը հոկտեմբերին ավելացել է 0,9 տոկոսով:
Հայկական բանկերի կողմից հոկտեմբերին ներգրավված ավանդների ծավալը ավելացել է 0,9 տոկոսով` տարեկան 30,4 տոկոս աճի պայմաններում, նոյեմբերի 1-ի դրությամբ հասնելով 1175 մլրդ դրամի: Ներգրավված ավանդների կառույցում դրամային ավանդներին բաժին է ընկել 30 տոկոս կամ 351.5 մլրդ դրամ, ամսական 2,8 տոկոս աճի և տարեկան 26,3 տոկոս անկման պայմաններում: Արտարժութային ավանդների բաժինը կազմել է 70 տոկոս կամ 824 մլրդ դրամ, հոկտեմբերին 00,1 տոկոս աճի, իսկ տարեկան կտրվածքով 31,2 տոկոս աճի պայմաններում: Բանկերի վարկային ներդրումները հոկտեմբերին ավելացել են 0,3 տոկոսով, նոյեմբերի 1-ի դրությամբ կազմելով 1.526 տրլն դրամ` տարեկան 26,5 տոկոս աճի պայմաններում: Հաշվի չառնելով երկարաձգված և ժամկետանց վարկերը` բանկերի վարկային ներդրումները կազմել են 1,488 տրլն դրամ, հաշվետու ամսում ավելանալով 0,8 տոկոսով, տարեկան կտրվածքով` 27 տոկոսով: Բանկերի վարկային պորտֆելում (չհաշված երկարաձգված և ժամկետանց վարկերը) դրամային վարկերի բաժինը կազմել է 35,7 տոկոս կամ 531 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերինը` 64,3 տոկոս կամ 956.7 մլրդ դրամ:
ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն, 2012 թվականին դրամական և դրամային զանգվածները կավելանան 17,6 և 21,1 տոկոսով` համապատասխ;անաբար: Դրամական բազայի աճը կկազմի 8 տոկոս: Շրջանառվող դրամային կանխիկը ընթացիկ տարում կավելանա 13,3 տոկոսով: Դրամային ավանդների ծավալը կավելանա 30 տոկոսով. արտարժութային ավանդների աճը կկազմի 12,6 տոկոս: Դրա արդյունքում տնտեսության դոլարիզացման մակարդակը տարեկան կտրվածքով կնվազի 4,2 տոկսով, իսկ մոնետիզացման մակարդկաը կավելանա ավելի քան 10 տոկոսով: Տնտեսության վարկավորման ծավալները կավելանան 20,2 տոկոսով (270 մլրդ դրամով), ընդ որում, 2012 թվականի համար կանխատեսվող աճի տեմպերը, հիմնականում, կապահովվեն հիփոթեքի և փոքր ու միջին բիզնեսի վարկավորման հաշվին: