Երեքշաբթի, 26 Փետրվարի 2013 20:15
Ամերիաբանկը նոր հնարավորություններ է ստեղծել ֆակտորինգային գործառնությունների համար
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը սույն թվականի հունվար ամսից անդամակցում է միջազգային խոշորագույն Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը: Այդ անդամակցությունը Բանկին հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը և հաճախորդների համար ստեղծել բիզնեսի ընդլայնման մեծ հնարավորություններ` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկը ֆակտորինգային գործարքների գծով զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում, մասնավորապես ֆակտորինգային գործարքների 2012թ.տարեկան աճի տեմպերով Բանկն ապահովել է ամենամեծ արդյունքը հայկական բանկերի շարքում: 2012թ. արդյունքներով Բանկի ֆակտորինգային գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 47%-ով, իսկ Բանկին զիջված պարտավորությունների ծավալն աճել է 3.7 անգամ` կազմելով շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ:
Հաշվետու տարվա արդյունքներով Բանկի ֆակտորինգային գործարքների 91%-ը բաժին է ընկնում ներքին շուկայում իրականացված գործարքներին, իսկ 9%-ը` միջազգային ֆակտորինգի գործարքներին:
Ամերիաբանկի Պարտավորությունների առուվաճառքի բաժնի ղեկավար Անժելա Խաչատրյանը ներկայացրեց, որ Ամերիաբանկի կողմից 2012թ. ընթացքում ֆակտորինգային ֆինանսավորման 29%-ը բաժին է ընկնում ներմուծմանը, 24%-ը` մեծածախ առևտրին, 15%-ը`արտադրությանը, 14%-ը`շինարարությանը, 11%-ը` շինմոնտաժային աշխատանքներին, իսկ մնացածը կազմում են էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների ոլորտները: Նա նաև հավելեց. ՙՀայաստանում ֆակտորինգի շուկան ընդլայնման խոստումնալից պոտենցիալ ունի: Օրեցօր աճում է ֆակտորինգի նկատմամբ ընկերությունների պահանջարկը, և փորձը ցույց է տալիս, որ այն դիտարկվում է որպես առավել արագ և արդյունավետ ֆինանսավորման գործիք, քանի որ թույլ է տալիս վճարման հետաձգման պայմաններում համալրել շրջանառու միջոցները: Եվ չնայած Բանկի կողմից առաջարկվող ֆակտորինգային ֆինանսավորման ծառայությունն ունի բավականաչափ ճկուն պայմաններ, այնուհանդերձ, մենք չենք սահմանափակվում ստանդարտ լուծումներով և հաճախորդներին ցուցաբերում ենք անհատական մոտեցում` կիրառելով ֆակտորինգի բոլոր առանձնահատկություններն ու միջազգային հարուստ փորձը: Ընթացիկ տարում մենք շարունակելու ենք ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների ուղղությամբ ինչպես տեղական շուկայում, այնպես էլ միջազգային ասպարեզում և միաժամանակ ընդլայնելու ենք ֆինանսավորվող ոլորտների ցանկը՚:
Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: