Հինգշաբթի, 18 Ապրիլի 2013 20:47
Փորձագետ. Դրամային պարտադիր պահուստավորման նորմատիվի իջեցումը կնպաստի Հայաստանի տնտեսության վարկավորմանը
ԱրմԻնֆո. Դրամային պարտադիր պահուստավորման նորմատիվի իջեցումը կնպաստի Հայաստանի տնտեսության վարկավորմանը: Այսօր ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել, ՙԱմերիա՚ ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Նրա խոսքերով, չնայած այն հանգամանքին, որ բանկային համակարգը տնտեսության վարկավորման գծով ցուցադրում է ոչ վատ արդյունքներ, այնուամեայնիվ, այս ցուցանիշի վարկավորման տեմպերը մի փոքր ՙարգելակված՚ են: Բացի այդ, լուծվում է նաև բանկերի կապիտալիզացիայի հարցը:
ՙԱմեն դեպքում, Հայաստանի տնտեսությունը մնում է դոլարայնացված, և իրական արդյունքները մենք կարող ենք տեսնել միայն 2-րդ եռամսյակում, քանի ԿԲ դրամային պահուստավորման նորմատիվի 8%-ից մինչև 4% իջեցնելու մասին որոշումը, որն ուժի մեջ է մտնում տարվա կեսից, բանկային համակարգում կձևավորի որոշակի սպասելիքներ՚,-գտնում է փորձագետը:
Նա նաև համաձայն է, որ մեգառեգուլյատորը մի փոքր ուշացրեց դրամային պահուստավորման նորմատիվի իջեցումը: ՙԲանկերը դեռ կես տարի առաջ էին բարձրացրել այդ նորմատիվի իջեցման հարցը՚,-նշել է բանկիրը: Սակայն, շարունակել է նաև ԿԲ կողմից օրենսդրորեն հաստատված ինֆլյացիայի կարգավորման քաղաքականությունը:
ՙՀամաշխարհային տնտեսության, ինչպես նաև քաղաքական ներքին գործընթացների որոշակի անկայունության փուլում« որոնք ձևավորում են ինֆլյացիոն կոնկրետ ճնշումներ, որպես կանոն, ոչ մի Կենտրոնական բանկ, ոչ մի կառավարություն աշխարհում չի գնում նման լուրջ փոփոխությունների՚,-եզրափակել է Ջրբաշյանը:
Այն հարցին, թե դեռ որքան կարող են իջնել դրամային վարկերի տոկոսադրույքները ԿԲ այդ որոշման արդյունքում, փորձագետը նշել է, որ դա կախված է նաև ֆոնդավորման դրույքներից: ՙԱյստեղ շատ կարևոր դեր է խաղում ֆոնդավորման և ավանդային դրույքների վարքագիծը՚,-եզրափակել է փորձագետը:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկն ապրիլի 16-ին որոշեց նվազեցնել դրամային պարտադիր պահուստավորման նորմատիվը` 8%-ից մինչև 4%, որն ուժի մեջ կմտնի հունիսի 12-ին:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում գործում են 21 բանկեր: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2013 թվականի մարտի 1-ին կազմել են 1.632 տրլն.դրամ ($ 4 մլրդ), տարեկան աճը` 24.3%: Բանկերի վարկային պորտֆելում (բացառությամբ երկարաձգված և ժամկետանց վարկերի), դրամային վարկերի բաժինը կազմել է 35% կամ 548,9 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերի բաժինը` 65% կամ 1.015 տրլն.դրամ: Դրամային վարկավորումը տարեկան կտրվածքով աճել է 13.8%, իսկ արժութային վարկավորումը` 26.7%: Դրամային վարկերի տոկոսադրույքները Հայաստանում փետրվարին նվազել են 0.57 կետով, իսկ տարվա կտրվածքով` 2.59 կետով, կազմելով 15.52%: