Երեքշաբթի, 25 Հունիսի 2013 20:23
ՀՀ ԿԲ հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 8%
ԱրմԻնֆո. 2013 թ. հունիսի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը հերթական անգամ որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%: Նշենք, որ նշված տոկոսադրույքը պահպանվում է 2011 թվականի ապրիլի 12-ից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2013 թ. մայիսին արձանագրվել է 0.02% գնանկում, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.3% գնանկման պարագայում, հանգեցրել է 12-ամսյա գնաճի բարձրացմանըª մայիսի վերջին կազմելով 5.2%:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները: Այդ պայմաններում ինչպես հումքային, այնպես էլ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գրանցվել են գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը կբնութագրվի համաշխարհային տնտեսական աճի վերականգնման դանդաղ տեմպերով և ոչ գնաճային ազդեցություններով:
Խորհուրդը գնահատեց, որ վերջին զարգացումների համաձայն ՀՀ տնտեսությունում, ինչպես և ակնկալվում էր, շարունակվել է գյուղատնտեսության առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցությամբ իրական սպառմանª նախորդ տարում ձևավորված հավելուրդային աճի կրճատումը, ինչը ուղեկցվել է նաև Կառավարության կողմից իրականացված կանխատեսվածից ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ: Արդյունքում, կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին պահանջարկի ազդեցությունը մնում է ոչ գնաճային: Նշված գնանկումային գործոնների պայմաններում երկրորդ եռամսյակում գնաճային միջավայրի ընդլայնումը պայմանավորվել է հիմնականում գյուղատնտեսության ճյուղի բացասական զարգացումներով, մասնավորապեսª եղանակային վատ պայմանների հետևանքով վեգետացիոն շրջանի ուշացմամբ, ինչպես նաև ձևավորված գնաճային սպասումներով: Դա արտահայտվել է պարենային ապրանքների գներիª սպասվածից քիչ անկմամբ, որի արդյունքում էլ, ըստ ԿԲ գնահատումների, կիսամյակը կավարտվի 12-ամսյա գնաճիª կանխատեսվածից բարձր ցուցանիշով:
Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ձևավորված բարձր գնաճային միջավայրը ժամանակավոր առաջարկի շոկի արդյունք է, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ՀՀ ԿԲ կողմից դրական իրական տոկոսադրույքի պահպանումը հնարավորություն կտա խարսխել գնաճային սպասումները և նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը: Վերջինիս օժանդակել է նաև ԿԲ մեկ այլ գործողությունª դրամով պարտադիր պահուստավորման նորմայի իջեցումը, որով ԿԲ-ն բավարար դրամային իրացվելիություն է ապահովել տնտեսություն:
Միաժամանակ, ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել հուլիսից էներգակիրների սակագների բարձրացման ազդեցությամբ գնաճային սպասումների և դրա երկրորդային ազդեցությունների դրսևորումներին:
Այս պարագայում գնահատվում է, որ մինչև հաջորդ տարվա երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակներում, իսկ տնտեսական աճը կձևավորվի իր հավասարակշիռ մակարդակում:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հուլիսի 4-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):