Չորեքշաբթի, 4 Սեպտեմբերի 2013 19:53
WEF. Հայաստանն իր դիրքերը բարելավել է գլոբալ մրցակցության ինդեքսում` 82-րդից բարձրանալով 73-րդ դիրք
ԱրմԻնֆո. Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 148 երկրների մեջ: Համաշխարհային մրցունակության զեկույցը իր վերլուծություններն ամփոփում և համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Վերջինս մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից: ՀԱՄ ցուցիչը, հաշվարկվելով մրցունակության 12 հենասյուների հիման վրա, երկրների մրցունակության ամփոփ գնահատական է տալիս:
Ինչպես նշվում փաստաթղթում, վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների հարցումը տարեկան կտրվածքով իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում` ՀՏՖ-ի և Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպությունների կողմից:
ՙՏնտեսություն և արժեքներ՚ հետազոտական կենտրոնը` որպես ՀՏՖ Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է ՙՀամաշխարհային մրցունակության զեկույց 2013/14՚-ի հիմնական արդյունքները:2013/14 զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, Ֆինլանդիան, երմանիան և ԱՄՆ-ը:
Հետխորհրդային երկրների թվումում (ԱՊՀ և Վրաստան), Հայաստան ազգային մրցունակության ցուցանիշով առաջ է անցել Մոլդովայից (89 տեղ վատթարացումը 2 կետով) և Ղրղզստանից (127 տեղ, բարելավումը 6 կետով), զիջելով Ադրբեջանին (39-րդ տեղ, բարելավումը` 7 կետով), Ղազախստանին (50-րդ տեղ, բարելավումը` 1 կետով), Ռուսաստանին (64-րդ տեղ, բարելավումը` 3 կետով), Ուկրաինային (84 տեղ, բարելավումը 11 կետով), Վրաստանին (72 տեղ, բարելավումը` 5 տեղով):
Ենթացուցիչների մակարդակով գրանցվել են թե¯ դրական, թե¯ բացասական զգալի փոփոխություններ: Դրական ազդանշան են բիզնեսի վարման կատարելագործվածության, մրցակցային շուկաների և տեխնոլոգիաների օգտագործման ասպարեզներում դրական տեղաշարժերը: Միևնույն ժամանակ, սակայն, նորարարության ցուցանիշները, որոնք բավականին անբարենպաստ դիրքերում են, էլ ավելի են վատթարացել: Ուշադրության արժանի են վարկերի ստացման հեշտության և կառավարության միջոցների ոչ նպատակային օգտագործման ցուցիչների վատթարացումը:
Նախորդ զեկույցում Հայաստանի գնաճի ցուցանիշը կազմել է 7.7% (2011թ տվյալներով), ըստ որի երկիրը գրավել է 105-րդ տեղը 142 երկրների շարքում: Այս տարվա զեկույցում օգտագործվել է 2012թ Հայաստանի գնաճի ցուցանիշը (2.6%), որով երկիրը 43 այլ երկրների հետ մեկտեղ գրավել է 1-ին տեղը:
Բիզնես գործընթացների կարգավորման և պետական կառավարման որոշ բնագավառներ հաստատուն կերպով ներկայանում են Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում: Մասնավորապես, դա վերաբերում է բիզնես հիմնելու համար գործընթացների քիչ քանակին, աշխատող-գործատու ճկուն հարաբերություններին և պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությանը: Մրցակցային թերությունները այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են տնտեսության արտահանման ուղղվածությունը չափող գործոնները, մաքսային գործընթացների բեռը, երկրում տաղանդների պահպանումը և կառավարման դպրոցների որակը:
Հայաստանի մրցունակության առավելություններն ու թերությունները հետևյալն են:
Նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակը` 10 տեղ, Կառավարման դպրոցների որակը` 120 տեղ, Աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու գործելակերպը` 12 տեղ, Երկրում տաղանդների պահպանման ունակությունը`121 տեղ, Պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությունը` 24 տեղ, Մաքսային գործընթացների բեռը` 123 տեղ, Ներդրողների պաշտպանվածության ուժգնությունը` 25 տեղ, Արտաքին շուկայի չափի համաթիվ` 127 տեղ, Պետական կառավարման բեռը` 34 տեղ, ՀՆԱ-ի մեջ արտահանման մասնաբաժինը` 130 տեղ:
Նշենք, որ ՙՏնտեսություն և արժեքներ՚-ը` ՙԻ-Վի Քոնսալթինգ՚ ընկերության հետազոտական թևը, մտավոր կենտրոն է, որը ձգտում է ներմուծել զարգացման նոր հայեցակարգեր բարձրակարգ միջազգային կապերի, լավագույն որակավորում ունեցող վերլուծաբանների և խորհրդատուների ցանցի միջոցով: Կենտրոնի մասնագիտացումը մրցունակության համակողմանի ուսումնասիրությունն է մակրո և միկրո մակարդակներում, կենտրոնանալով հետևյալ հիմնական ուղղությունների վրա` ազգային տնտեսական և ճյուղային ռազմավարություններ, օտարերկրյա ներդրումներ, սփյուռքի ցանցեր և արժեքները գործարար և հանրային ոլորտներում:
ՙԻ-Վի Քոնսալթինգ՚-ը գործարար խորհրդատվական, հետազոտական և ֆինանսական միջնորդի ծառայություններ է մատուցում նորարարության և մրցունակության ձգտող կազմակերպություններին: