Ուրբաթ, 17 Հունվարի 2014 18:10
Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2013 թ. գների կտրուկ փոփոխություններ չեն դիտվել
ԱրմԻնֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2013 թ. 2012 թ. համեմատ գների կտրուկ փոփոխություններ չեն դիտվել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը`հաղորդելով, որ հստակ վիճակագրական տվյալներ ԱԿՊԿ-ն կհրապարակի մոտ ժամանակներս:
Այնուամենայնիվ, Ա. Մուսայանը տեղեկացրել է, որ 2013 թ. ԱԿՊԿ տարածքային ստորաբաժանումներում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների 190690 պետական գրանցում`տարեկան կտրվածքով աննշան աճով: Դեռևս չճշտված տվյալներով, անցած տարում անշարժ գույքի գրավի գործարքները կրճատվել են 4,9% -ով`մինչև 8.4 հազար, հիփոթեքի գործարքները` 6,4% -ով, մինչև 23,6 հազար, իսկ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան հաշվարկով ավելացել է 4% -ով`մինչև 48.9 հազար:
Անդրադառնալով գերատեսչության գործունեության արդյունավետությանը`ԱԿՊԿ նախագահի տեղակալը նշել է, որ 2008 թվականի համեմատ կտրուկ կրճատվել է սեփականության իրավունքների գրանցման և համապատասխան տեղեկատվության տրամադրման մերժված հայտերի քանակը: ՙԵթե 5 տարի առաջ մերժվում էր ընդհանուր հարցումների 35-40%-ը, 2013 թ. մերժումները կազմել են ընդամենը 5%: Համապատասխանաբար, նվազել է նաև կադաստրի որոշումների դատական բողքարկման թիվը`2008 թ. 122-ից մինչև 2013 թ. 19-ը՚,-հայտարարել է Ա. Մուսայանը: Հայաստանում անշարժ գույքի գրանցման ընթացակարգերի պարզեցման առնչությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանը համապատասխան ցուցանիշով 5-րդ տեղն է զբաղեցրել ՙDoing Busines՚-ի վարկանիշային աղյուսակում 189 երկրների շրջանում: