Ուրբաթ, 7 Փետրվարի 2014 18:43
Ծաղկաձորի համաժողովը` բարձրագոչ հայտարարությունների հարթակ
ԱրմԻնֆո: Ծաղկաձորում ընթացող մասնագիտացված համաժողովը` նվիրված Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հարցերին, տնտեսական իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների հարմար հարթակ է դարձել: Էլիտար հյուրանոցում միջազգային և տեղացի փորձագետների մասնակցությամբ լայն քննարկումներ են ընթանում գլոբալ և լոկալ տնտեսական փոփոխությունների թեմայի շուրջ: Համաժողովի մասնակիցները տարբեր փաստարկներ են բերում`հօգուտ կենսաթոշակային բարեփոխման, որը, սակայն, անկախ փորձագետների կարծիով, գործնականում իշխանությունների համար միակ մեխանիզմը կդառնա, որը կարող է դուրս բերել հայրենական տնտեսությունը համակարգային փակուղուց: Բայց նույնիսկ այդ սցենարը, փորձագետների կարծիքով, միայն ժամանակավոր բնույթ է կրում և ընդամենը երկարացնում է պետական կառավարման համակարգի անխուսափելի փլուզումը:
Տնտեսական իշխանությունների ներածական խոսքերն այս անգամ ևս աչքի չընկան օբյեկտիվությամբ: Համաժողովի շրջանակներում իշխանությունները սահմանափակվեցին ընդհանուր հայտարարություններով այն մասին, որ Հայաստանի ֆոնդային շուկայի զարգացումն ավելի մեծ արդիականություն է ձեռք բերում` ոչ միայն սոցիալական, այլ նաև տնտեսական կարևոր նշանակություն ունեցող կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում: Ինստիտուցիոնալ և շուկայական ենթակառուցվածքների զարգացումը տնտեսական իշխանությունների առաջիկա տարիների գլխավոր խնդիրն է մնում:
Հայաստանը, եթե հավատանք պաշտոնյաներին, հետխորհրդային տարածքում այն քիչ պետություններից մեկն է, որը հետագա տնտեսական լուրջ աճի հույսեր է ներշնչում: Երկիրը, նրանց համոզմամբ, 2014 թվական է թևակոխում տնտեսապես պատրաստ և ունի այս տարի տնտեսական ակտիվության և մակրոտնտեսական կայունության հասնելու բոլոր նախադրյալները: Իսկ անցած տարին պաշտոնյաների համար հիշվել է թե’ արդյունաբերական հատվածի, թե’ գյուղատնտեսության, ինչպես նաև արտահանման աճով:
Մինչդեռ բանկային փորձագետները և տնտեսագետները ոչ միայն չեն բացառում, այլև միանգամայն հավանական և նույնիսկ անխուսափելի են համարում տնտեսական անկումը` 2014 թ. արդյունքներով: Երբ ձայնագրիչն անջատված է, նրանք խոստովանում են, որ առաջընթաց չեն տեսնում հայրենական տնտեսության քիչ թե շատ շահութաբեր որևէ ոլորտում: Իսկ կենսաթոշակային բարեփոխումը նրանք համարում են երկար փողերի ներգրավման միակ գործիք և չեն բացառում իշխանությունների կողմից կենսաթոշակային խնայողությունների աննպատակային /հանուն իրենց շահերի/ օգտագործումը: Այնուամենայնիվ, տնտեսական լուրջ ցնցումներ կանխատեսել փորձագետները չեն շտապում: Նրանց կարծիքով, երկիրը կշարունակի քարշ տալ գոյությունը`քողարկված նոր բարեփոխումներով:
Քանի դեռ Ծաղկաձորի համաժողովի մասնակիցները, դատողություններ են անում նոր համակարգի առավելությունների մասին, իսկ երիտասարդ ակտիվիստները /ապագա կենսաթոշակառուները/, նրանց հետ նաև ոչ իշխանական խմբակցությունները, հանրահավաքներ են կազմակերպում, կուտակային կենսաթոշակային համակարգը, բավականին աղմուկ բարձրացնելով, միաժամանակ այնքան էլ հասկանալի չլինելով համակարգի ներդրման դեմ արտահայտվողների համար, իր ՙօրինական՚ իրավունքների մեջ է մտնում: Մինչդեռ երկիրը շարունակում է տևական հետաճ արձանագրել`ավելի ու ավելի մոտենալով, թվում է, թե անխուսափելի փլուզմանը:
Կենսաթոշակային բարեփոխումը պարտադրելու իշխանությունների որոշումը վերջնական է, և, ըստ երևույթին, անդառնալիորեն խախտել է իշխանությունների հանդեպ բնակչության լայն շերտերի`առանց այդ էլ բացակայող վստահությունը: Մեր քաղաքացիներին այսօր մեկ հստակ համոզմունք է միավորում`30-40 տարի անց կենսաթոշակային խնայողությունները չեն տեսնի`ինչպես սեփական ականջները: Կենսաթոշակային ակտիվների ամբողջական և անդառնալի փոշիացման սցենարները մի քանիսն են`զուտ հիպոթետիկից մինչև տնտեսապես հիմնավորված: Տնտեսագետները հիմնավորված են համարում տնտեսական այնպիսի ցնցումների հնարավորությունը, ինչպես`դեֆոլտը կամ հիպերինֆլյացիան: Փորձագետների կարծքով, քաղաքացիների հիշյալ մտավախությունները փաստարկված են կենսաթոշակային բարեփոխման երկարաժամկետ էֆեկտով:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում այսօր ընթանում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ), ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԱՍ Արմենիայի և ՀՀ Կենտրոնական Բանկի` ՙՀայաստանի կապիտալի շուկան. նոր հնարավորություններ և մարտահրավերներ՚ թեմայով համաժողովը: Համաժողովի ծրագիրը ներառում է երեք թեմատիկ սեկցիաներ`երկրի տնտեսական իշխանությունների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Սեկցիաներից մեկում համաժողովի մասնակիցներին ներկայացվել է կապիտալի շուկայի զարգացման վրացական փորձը: Մյուս երկու սեկցիաներում քննարկվել են գլոբալ մակրոտնտեսական ցուցանիշներ, ինչպես նաև Հայաստանի ֆոնդային շուկայի ընթացիկ իրավիճակը: