Չորեքշաբթի, 26 Մարտի 2014 19:12
ՀՀ ԿԲ կանխատեսում. 2014 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 5.4-6.1%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականի համար Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 5,4-6,1 %, ինչը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության և սպասարկման ոլորտներով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, նշված կանխատեսման հավանականությունը կազմում է 92%: Նույն հավանականությամբ 2015 թվականին տնտեսական աճը կկազմի 5,1-6,1 %, իսկ 2016 թվականին` 4,9-6,1 %: Իսկ 30% հավանականությամբ ՀՆԱ-ի իրական աճի կանխատեսումը հետևյալն է` 2014 թվականի համար` 4,3-7,2 %, 2015-ի համար` 3,3-7,9 % և 2016 թվականի համար` 2,8-8,1 %:
Ըստ նույն ծրագրի, կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը կկայունանա 5-6% սահմաններում, ինչը պայմանավորված կլինի մասնավոր սպառման կայուն աճով և մասնավոր ներդրումների տեմպերի դանդաղ վերականգնումով:
Աճն արդյունաբերական ոլորտում 2014 թվականին կկազմի 6-8 %, ինչին կնպաստի գունավոր մետաղների ներկայիս համաշխարհային գների պահպանումը, ինչպես նաև լեռնահումքային ոլորտի և մետալուրգիայի ենթադրվող աճը, նաև Թեղուտի հանքավայրի շահագործման շնորհիվ: Դրան կնպաստի նաև պարենային ապրանքների, հյութերի, դեղամիջոցների, շինանյութերի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճը: Կանխատեսվող հորիզոնում արդյունաբերության աճը Հայաստանում կկայունանա` 5,7-6,3 % միջակայքում:
Շինարարության ոլորտում աճը կկազմի 6.5-8.5 %, ինչը պայմանավորված կլինի ներկայումս իրականացվող ճանապարհա-շինարարական աշխատանքներով, ոռոգման և ջրամատակարարման համակարգերի վերանորոգումով, հյուսիսային սահմանակետերի և Երևանի մետրոպոլիտենի արդիականացումով: Կանխատեսվող հորիզոնում, պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունը վերականգնելու արդյունքում շինարարության ոլորտում աճը կլինի 1-3 % միջակայքում:
Ծառայությունների ոլորտում Կենտրոնական բանկն ակնկալում է 5-6.5 % աճ, ինչը պայմանավորված կլինի պետական և մասնավոր ծախսերի աճով:
Ակնկալվող աճը գյուղատնտեսության ոլորտում կկազմի 4.5-6.5 %: Այն կապահովվի ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնաբուծության հաշվին, մասնավորապես, ջերմոցային տնտեսությունների, մշակովի հողերի ընդլայնման և անասունների գլխաքանակի ավելացման հաշվին:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականի հունվար – դեկտեմբերին Հայաստանի ՀՆԱ տարեկան կտրվածքով աճել է 3.5%, մինչև 4.3 տրլն. դրամ: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.8%, մինչև 1.2 տրլն. դրամ, աճը ծառայությունների ոլորտում` 3.6%, մինչև 1 տրլն.դրամ, գյուղատնտեսության ոլորտում`7,1 %, մինչև 918,6 մլրդ դրամ, իսկ շինարարության ոլորտում` անկումը կազմել է 8.1%, մինչև 442,3 մլրդ դրամ: