Հինգշաբթի, 3 Ապրիլի 2014 16:28
ԿԲ. Առաջացել է 6 մլրդ.դրամ ծավալի գյուղատնտեսական վարկերով պարտքերի վերաձևակերպման անհրաժեշտությունը
ԱրմԻնֆո. Հայաստանում տեղի ունեցած վերջին ցրտահարություններն առաջացրել են 6 մլրդ.դրամ ծավալի գյուղատնտեսական վարկերով պարտքերի վերաձևակերպման անհրաժեշտությունը: Այս մասին այսօր վարչապետի հանձնարարությամբ կառավարությունում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով, գյուղերում տեղի ունեցած վնասները ներկայումս հաշվարկվում են հարցումների միջոցով: Բացի այդ, աշխատանքներ են տարվում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ և մի քանի օրից կառավարությանը կներկայացվի ստեղծված իրավիճակի ամբողջական պատկերը: «Կարող եմ ասել, որ խոսքը գնում է մոտ 6 մլրդ. դրամի վարկերի մասին»,-ասել է գլխավոր բանկիրը:
Վարչապետը նշել է, որ անցյալ տարի Արմավիրի մարզում եղել են նման վերաձևակերպումներ: Նրա խոսքով, այս տարվա ցրտահարություններն էական վնասներ պատճառեցին Հայաստանի գյուղատնտեսությանը, ինչի արդյունքում տուժեց 11.500 հազ. հեկտար տարածությամբ բերք: Ներկայումս ճշգրտվում են վնասների չափերը, որի արդյունքները կլինեն 2-3 օրից, ասել է նա: Կառավարությունը գյուղացիներին կօգնի սերմացուներով և պարարտանյութերով, մինչև սերմացանի սկիզբը, նշել է վարչապետը: «Դեռ ժամանակ կա, որպեսզի իրավիճակը մինչև գյուղատնտեսական տարվա սկիզբը շտկվի»,-ասել է նա: